31.10.2018


ՃԱՆԿՈՂ ԱՐԾՎԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Այսօր առիթ ունեք անդրադառնալու մի շատ հետաքրքիր և բազմաթիվ անգամներ ուսումնասիրված, սակայն այդպես էլ չբացահայտված խնդրի՝ ճանկող արծիվների առեղծվածին: Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ վանքերի և հուշակոթողնրի վրա հաճախակի ենք հանդիպում զոհ ճանկած արծիվ, որը շատ ուսումնասիրողներ համարել են, որպես հերալդիկ նշան: Մինչ բուն նյութին անդրադառնալը՝ հասկանանք մի շատ կարևոր հանգամանք՝ այն, որ հայկական մշակույթը չի ձևավորվել և զարգացել աշխարհից և մասնավորապես տարածաշրջանից կտրված, և տվել է և վերցրել՝ այսինքն տեղի են ունեցել մշակույթային փոխառանչություններ և ցանկացած խնդրի դիտարկում՝ արդունավետ կլինի, եթե կատարվի Բյուզանդական և Իրանական մշակույթների ենթատեքստում:



Ճանկող արծիվի պատկերը հայ իրականության մեջ հիմնականում պատկերվում էր վանքերի պատերին՝ բարձր երևացող տեղերում, որպես բարձրաքանդակ: Արծվի ճանկերում հիմնականում պատկերվում էր ցուլ, գառ կամ ավանակ, ճանկող արծիվների պատկերներ հանդիպում են նաև խաչքարերի և հիշատակի կոթողների վրա: Դեռևս իրենց ժամանակին այս խնդրին են բախվել՝ հայր Ալիշանը, Վարդան Հացունի և որպես կանոն բուն քննարկման առիթ հանդիսացել է 1339 թ-ին Բուրթլե Օրբելյանի կողմից կառուցված տոհմական տապանատուն-եկեղեցու արևելյան պատին պատկերված ավանակ ճանկած արծիվը: 


Այս պատկերի շուրջ ծավալվող բուռն կրքերը մինչ օրս չեն հանդարտվում, ոմանք պնդում են, որ սա Օրբելյանների զինանշանն է, իսկ ոմանք էլ այլ խորհուրդ են փորձում տեսնել այս պատկերի մեջ: Մենք վերևում արդեն նշեցինք, որ հայ մշակույթը սերտորեն փոխառանչվել է հարևան կայսրությունների մշակույթներին, իսկ առհասարակ տարածաշրջանի, թե մշակույթային և թե կրոնական հայացքները որոշակիորեն ազդվել են հելլենիզմից, ապա նաև քրիստոնեությունից: Երբ սկսեցինք ուսումնասիրել ճանկող արծիվը և փորձեցինք գտնել դրա խորհուրդը՝ նկատեցինք, որ միջազգային շրջանակներում այն վաղուց ուսումնասիրված է և մնում է ընդամենը տվյալ լույսի ներքո դիտարկել հայկական միջավայրում պատկերված նմանատիպ սիվոլները: 


Այսպիսով Արծիվը հելլենական մշակույթում համարվում էր Զևսի սիրելի թռչունը և բազմաթիվ են զանազան առասպելները, թե ինչպես էր արծիվը հափշտակում մարդկանց և տանում օլիմպոս և առհասարակ կատարում Զևսի կամքը, նույն պատկերն էր հռոմեական մշակույթում:
Հելլենիզմը որքանով, որ գլոբալիզացոն երևույթ էր՝ այնուամենայնիվ իր ճկունության շնորհիվ , թույ էր ալիս տեղական հավատալիքներին և մշակույթին զարգանալ ուրույն կերպով և այդ ենթատեքստում ճանկող արծիվները տարածված էին նաև իրանական մշակույթում՝ մասնավորապես Արշակունիների կառավարման ժամանակաշրջանում:


 Եթե հունահռոմեական մշակույթում արծիվը ճանկում է տվյալ տարածաշրջանին բնորոշ զոհաբերվող կենդանիներ՝ օրինակ նապաստակ, ապա արևելյան հայկական և իրանական մշակույթում՝ արծիվը ճանկում է տվյալ տարածաշրջանին բնորոշ զոհաբեվող կենդանիների տեսակներ՝ գառ, ցուլ, ավանակ:


Այսպիսով մեր ուսումնասիությունը մտավ որոշակի հստակության առանցքի մեջ և արդեն հասկանալի է, որ ճանկող արծիվը սերտորեն առանչվում է մահվան գաղափարի հետ և եթե Օբելյանների տապանատուն-եկեղեցու պատկերը դիտարկենք այս ենթատեքստում, ապա մեզ համար լիովին պարզ և հասկանալի կադառնա նրան նշանակությունը, որն ըստ էության կարելի է հետևյալ կերպ մեկնաբանել՝ անպաշտպան մարդու հոգին Աստծո ձեռքերում է: Ճանկող արծիվներ պատկերված են բոլոր այն եկեղեցիներում և հուշակոթողներում, որոնք ունեն դամբարանի նշանակություն և առհասարակ ինչ-որ մեկի հիշատակաին են կառուցվել կամ կանգնեցվել:


Այսպիսով կարծում ենք այսուհետ լիովին վերծանված է ճանկող արծվի նշանի նշանկությունը և անիմաստ է նրա մեջ այլ խորհուրդ փնտրել և առավել ևս այն զինանշան դարձնել: Սակայն խիստ անրաժեշտ է ընդարձակ և մանրամասն փաստերով հիմնավորված հրապարակում ներկայցնել հանրությանը, որը վերջակետ կդնի այս խնդրի բացահյտմանը, բայց այսքանով հանդերձ մենք դեռ չենք անդրադարձել արծվի նշանկությնաը հերալդիկ համակարգում, որը բավական լայն կիրառում ունի հայ իշխանական տոհմերի շրջանում: Մասնավորապես այս հրապարակումը չի առանչվում՝ զենքեր ճանկած արծիվների պատկերներին, որոնք արդեն հստակ հերալդիկ նշանկություն ունեն:









27.10.2018


ՀԵԹՈՒՄ Ա-Ի ՀԻՇԱՏԱԿԻՆ

1270 թ-ի Հոկտեմբերի 28-ին, Դրազարկի վանքում հոգին ավանդեց Հայոց Հեթում Ա արքան: Հայոց պատմության էջերը լի են հերոսական դրվագներով և այդ դրվագները կերտած հզոր ու վառ անհատականություններով: Կիլիկյան Հայաստանի ապագան՝ Լևոն Ա թագավորի մահից հետո, թանձր մշուշով էր պատված, իսկ հայ ավագանու բոլոր ջանքերն՝ այդ մշուշը ցրել, ապարդյուն էին մինչև պատմության թատերաբեմին չհայտնվեց Հեթում Ա-ը: Նա զորավար էր, թագավոր էր և տաղանդաշատ դիվանգետ: Այսօր ցանկություն չունենք այստեղ ներկայացնելու նրա կենսագրություն, այլ պարզապես ցանկանում ենք հիշատակել իր անուն, անուն, որը ոսկե տառերով է գրվա հայոց պատմության  էջերում:

22.10.2018


ԱՇԽԱՐՀԻ ԹԱԳԵՐԸ
Միապետական համակարգում պետական իշխանության գլխավոր խորհրդանիշը՝ հանդիսանում է արքայական թագը: Թագերի կիրառումն այնքան հին է, որքան մարդկային քաղաքակրթությունը և բոլոր ժամանակներում, քաղաքակրթություններում այն հանդիսացել է իշխանության նշան: Այսօր առիթ ունենք ծանոթանալու աշխարհի թագերից մի քնաիսի համառոտ պատմությանը:



ԷԴՎԱՐԴ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԻ ԹԱԳԸ


Մեծ Բրիտանական թագավորության միապետական իշխանության գլխավոր խորհրդանիշն է: Թագը պատրաստվել է 1661 թ-ին՝ Կարլ Բ-ի թագադրման հանդիսության համար: Թագի պատրաստման համար օգտագործվել է Էդվարդ Խոստովանող թագավորի պսակի ոսկին: Այս թագը դասվում է աշխարհի այնպիսի թագերի շարքին, որոնք կոչվում են սրբազան և սերտորեն կապվում է սուրբ թագավորների անվան հետ՝ հետևապես նման թագերը ընդունված է կրել բացառապես թագադրման ժամանակ:

ՍՈՒՐԲ ԻՇՏԱՎԻ ԹԱԳԸ


Հանդիսացել է հունգարական միապետության գլխավոր խորհրդանիշը և ներկայումս էլ՝ միապետության դադարից հետ, շարունակում է մնալ որպես այդպիսին: Հաճախակի այն անվանում են Հունգարիայի սրբազան թագ: Տարատեսակ ավանդություններ կան թագի ստեղծման մասին, որոնցից մեկը պատմում  է, թե թագի վերին մասով թագադրվել է Իշտավ Ա-ը, իսկ 1075 թ-ին Շալամոն թագավորը՝ փախուստի ժամանակ, իր հետ վերցնում է այն և հաջորդ արքան՝ Գեզա Ա թագադրվում է նոր թագով, որն բյուզանդիայի Միքայել կայսեր նվերն էր: Մոտ  XII դարում երկու թագերը միավորում են, որով հունգարիայի թագը ստանում է իր այսօրվա տեսքը: Այս թագով վերջին անգամ՝ 1916 թ-ին, թագադրվել է Կարլ Դ կայսրը: 

ԿԱՐԼՈՍ ՄԵԾԻ ԹԱԳԸ


Թագը հանդիսացել է Հռոմեական Սրբազան կայսրության գլխավոր խորհրդանիշը, որով թագադրվել է են վաղ միջնադարյան գերմանիայի գրեթե բոլոր կայսրերը և թագավորները: Թագը ստեղծվել է մոտավորապես X դարում՝ Օտտո Ա-ի կամ նրա որդու համար, իսկ նրա մասին հիշատակումները սկսվում են XII դարից: Թագն իր տեսքով առանձնանում է աշխարհի մյուս թագերից, հետաքրքիր  է թագի վրա եղած գրությունը՝  «[PER]ME REGES REGNANT» (Իմ անվամբ են թագավորում արքաները):


ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԹԱԳԸ

Հայոց Սրբազան կամ սուրբ Տրդատ արքայի թագը: Հայտնի է, որ 301 թ-ին Տրդատ արքան իր ընտանիքով Հայոց ավագանու հետ միասին մկրտվեց արածանի ակուքներում և նոր կրոն ընդունած ինքնակալ՝ թագադրվեց Բագարանում: Համաձայն մի ավանդության, որը իր արտացոլումն է գտել ԺԲ դարում ստեղծված Դաշանց թղթի մեջ՝ Կոստանդիանոս կայսրը հանդիպել է Տրդատ արքային և նրան կայսրական մեծ թագ նվիրել:
Հայոց պատմության նոր ժամանակաշրջանում, երբ հայ ազատագրական միտքն ուղղիներ էր որոնում վերականգնելու Հայոց կործանված գահը՝ ռուսահայոց թեմի առաջնորդ՝ Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը, ունենալով հայ ազնվականության աջակցությունը և Եկատերին կայսրուհու հովհանվորությունը՝ նախաձեռնու է Հայոց Սրբազան թագի վերաստեղծման գործը, նոր թագի համար կիրառում են Տրտդատ արքայի հին թագի որոշ դետալներ: Թագը ըստ երևույթին արդեն 1800 թվի հուլիսի 28-ին պատրաստ էր, հիշատակություններ կան, որ դեռ Եկատերինա Բ կայսրուհու կենդանության օրոք Պետրոգադում տեղի է ունեցել ռեգալների և թագաժառնագի ներկայացման արարողություն:
Հովսեփ սրբազանի կասկածելի մահից հետո թագը հանգրվանել է Էջմիածնում և այնտեղ է պահվել մինչև 1837 թ-ը, որից հետո տարվել է  ռուսաստան, իսկ հեղափոխության տարինեին տարվել սովետական միության սահմաններից դուրս: 


06.10.2018


ՀՈՎՍԵՓ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆԻ ՆՇԱՆԱԿԸ

Դարերի ընթացքում հերալդիկ արվեստը տարածվել է ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր շրջանակներում:  Բարձրաստիճան հոգևորականները նույնպես սկսեցին ունենալ իրենց անձնական նշանակները: Նշանակի մեջ կարող էին տեղ գտնել ինչպես հոգևորականի տոհմական  (եթե ազնվական էր), այնպես էլ այն վայրի սիմվոլիկան, որի առաջնորդությունը ստանձնել էր: Հայ իրականության մեջ եկեղեցական հերալդիկայի նմուշները սակավաթիվ են, ու դրանցից մեկն է ռուսահայոց առաջնորդ, արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի զինանշանը:
Հովսեփ Արղությանը ծնվել է 1743 թ. մայիսի 23-ին Սանահին գյուղում: Սովորելով Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում և ապա արագ առաջանալով հոգևոր ասպարեզում, 1769 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: 1773 թ. Հովսեփ արքեպիսկոպոսը նշանակվում է ռուսահայոց թեմի առաջնորդ, իսկ 1780 թ.` նաև ղրիմահայոց հոգևոր առաջնորդ: 18-րդ դարում հայ ազատագրական միքտը արթնացավ ու դրանից հեռու չէր կարող մնալ նաև ռուսահայոց առաջնորդը, քանի որ հենց Ռուսաստանի հովանու ներքո էին գործիչների մի մասը տեսնում Հայոց ապագա թագավորությունը: Հովսեփ արքեպս-ը ոչ միայն աջակցում էր հայ ազատագրական ծրագրերին, այլ նաև մասնակից էր դրանք կյանքի կոչելու գործին: 1799 թ. մահանում է Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկասը, և Սինոդը կաթողիկոս է ընտրում Հովսեփ արքեպիսկոպոսին: Կայսր Պավել Ա-ն  նրան ճանաչում է որպես Հայոց կաթողիկոս:  Նորընտիր կաթողիկոսը Ռուսաստանից ճամփա է ընկնում դեպի Էջմիածին` օծվելու և կաթողիկոսական գահը զբաղեցնելու համար: Բայց մինչ Թիֆլիսում էր, անսպասելի  մահանում է 1801 թվականին:
Հովսեփ արքեպս-ի նշանակի մեկ օրինակ՝ մենք հանդիպում ենք հնդկահայերին ուղղված իր «սիրոյ, ողջունի և օրհնութեան» թղթի մեջ, գրված 1793 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգից:  Նշանակը կազմված է և իշխանական, և եկեղեցական տարրերից: Սակայն պարզելու համար նշանակի սիմվոլիկայի աղբյուրը, պետք է նախ և առաջ ուսումնասիրենք Հովսեփ արքեպիսկոպոսի տոհմաբանությունը: Արղության-Երկայնաբազուկ տոհմը սերում է Զաքարյան տոհմից, որոնք 1200-36 թթ. Հայաստանում ստեղծեցին Զաքարյան իշխանապետությունը, և տոհիմ ներկայացուցիչները, որպես ինքնակալ թագավոր, Վրաստանի հետ կնքում են ունիա` միության դաշինք, ու բարձր պաշտոններ զբաղեցնում վրաց արքունիքում: Վրաց արքունիքում նրանց անվանում էին «Մխարգրձելի», որ թարգմանվում է «Երկայնաբազուկ»: Նույն նշանակության «Արղութ» բառով (չաղաթայերենից բառացի` լայնաթիկունք, որը երկայնաբազուկ բառի հոմանիշն է) 14-րդ դարի կեսերից նրանց սկսեցին անվանել նաև թաթարական ցեղերը: 15-րդ դարից արդեր Զաքարյան տոհմի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես Արղության-Երկայնաբազուկներ: Այսպիսով, պարզում ենք, որ Հովսեփ Արղությանը ծագում է Զաքարյան տոհմից: Զաքարյան տոհմի խորհրդանշանների մասին մենք տեղեկություն ենք ստանում վրաց Իրակլի II թագավորի հրամանից, որով  վրաց արքունիքի կողմից հաստատվում է Արղության տոհմի զինանշանը.
«Աստծո ողորմությամբ Մենք` Իրակլի Երկրորդ, թագավոր Քարթլիի, թագավոր Կախեթիի և այլն... Քանի որ տոհմի ծագումը հաստատվում է հին և հայտնի նախնիներով, այդ պատճառով  անհարմար չէ Մեզ տալ այս վկայականը Արղության տոհմին, անվանյալ Երկայնաբազուկ, քանզի նրանք  ծագում են Հայաստանում և Իվերիայում մեծ և հայտնի տոհմից, ինչպես վակայում են մեր պատմագիրները, հատկապես թագուհի Թամարի ժամանակների, որոնք հայտնում են գեներալ-ֆելդմարշալ Զաքարե և Իվանե Աթաբեկների մասին, որովհետև նրանք մեծ ծառայություն են մատուցել Բագրատիոն տոհմին (Վրաց Բագրատունի)...որի համար և տալիս ենք նրանց նշանակ (բնագրում` знакъ отличiя), որովհետև պատվված են նրանք ոչ միայն հին ձեռագրերում և քարե շինությունների պատերին արված արձանագրություններով...այլև իրենք ընտանեկան զինանշանով, որի վրա, որպես նրանց սպարապետության խորհրդանիշ, արծաթե դաշտում պատկերված է վահան, խաչ և Սուրբ Աստվածածինը` ձախ ձեռքին Մանուկ Հիսուսին, ներքևի աջ կողմում պատկերված է թուր պահող թև, որպես խորհրդանիշ արի ազգանվան: Ձախ կողմում վահան է, որի մոտ կանգնած (իմա` ուղղահայաց) նիզակ է: Այս բոլոր նշանները վերևում պսակված է թագով: .....Իրակլի Երկրորդ, 1783 թ, օգոստոսի 28-րդ օր»: Սա տրված է տոհմին որպես ընտանեկան զինանշան, սակայն եկեղեցական նշանակի պարագայում արդեն զինանշանը պետք է լրացվեր որոշ եկեղեցական տարրերով, ինչպիսիք մենք հանդիպում ենք այս պարագայում: Վահանը պսակված է խույրով, որը եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշն է: Դրա ներքևում արտախուրակ է, որը պահում են վահանի ետևից դուրս եկող խաչաձև դասավորված վարդապետական գավազանը և խաչափայտը: Վահանի ձախ կողմում կոնքեռ է, աջում` արծիվ, որը պահում է երկու բանալի: Արծիվը Հայ եկեղեցու և կաթողիկոսի նշանն է, բանալիները լայնօրեն կիրառվում են եկեղեցական հերալդիկայում: Վահանի ներքևում պանակե է և խաչ:



11.08.2018


ՀԱՅՈՑ ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ
The Armenian Monarchy Day

4511 տարի առաջ այս օրը, Հայոց Ձորի դաշտում՝ մեր փառապանծ նախահոր՝ Հայկի լայնալիճ աղեղի անվրեպ հարվածով, սկիզբ դրվեց Հայոց պետականությանը: Ինչպես Հայր Ալիշանն է ասում «Հայկով սկիզբ առավ Հայոց Պատմությունը»: Ավելի քան հինգ տարիներ շարունակ միաբանությունն այս օրը նշում է, որպես Հայոց Միապետության տոն: Շնորհավորում ենք ամենքիս այս մեծ և ազգային տոնի կապակցությամբ:

10.08.2018




ԻՇԽԱՆ ՆԻԿՈԴԻՄՈՍ ԱՄԱՏՈՒՆԻ
Князь Никодим Аматуни

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.
Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում : Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ  բավական հայտնի մի անուն`  իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) Իշխան, Ամատունիների ազնվական տոհմից՝  նրա   ազգակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ  վերահաստատվել է  1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի  հրովարտակով, ապա 1826 թ. Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:
1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Դժբախտաբար իրականություն է, որ հայ հասարակայնությանը հայտնի էլ չէ նրա անունը, մասամբ էլ՝ կորսված սոցիալիստական կեղծ ժամանակաշրջանի վակումի ու թանձր վարագույրի պատճառով: Նրա մասին, անգամ հայկական հանրագիտարաններում և պատմական աղբյուրներում ոչինչ չկա:  Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավոր պատկերացում կազմել՝ թե ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ասենք, որ  նա՝  հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունու հորեղբոր տղան է, այն ժամանակ բավական հայտնի, Օշականի ավագ քահանա տեր Եսայու որդին`  մի  մարդ, որի   եռանդուն նախաձեռնությամբ հիմքից վերականգնվեց Օշականի եկեղեցու շենքը:Նիկոդիմոս Ամատունու մասին  իմացել և լսել եմ մանկուց, ուրախ ու հպարտ  եմ, որ նրա ազգականն եմ ու նրա անունը, գործն ու մարդկային հատկանիշները ուժերիս ու աջակիցներիս ջանքերով բացահայտելու եմ՝ ափսոս միայն այսքան ուշացումով, երբ ավելի վաղ շատ վկայություններ   կարելի կլիներ հայթայթել:  Միակ տեղեկություններ հավաքելու աղբյուրը նրա հարազատներն էին: Մտահաղացումը կար,  լրագրող աշխատած տարիներին պետք է հանդիպեի Նիկոդիմոսի եղբոր թոռանը՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Իշխան Ամատունուն: Նա խոստացել էր  հարուստ  տեղեկություններ ու փաստեր տրամադրեր Նիկոդիմոս Ամատունու մասին: Ցավոք վաղաժամ մահը, այնուհետև խորհրդային երկրի փլուզումը տասնամյակներով հետ պահեց նպատակի իրագործումից: Միայն տարիներ անց, երբ ինտերնետում ժլատ կենսագրական տեղեկություններ հայտնվեց Նիկոդիմոս Ամատունու մասին, հնարավորություն ունեցա հանդիպել երջանկահիշատակ Իշխան Ամատունու որդուն՝ Գարեգին Իշխանի Ամատունուն: Նրա տրամադրած Նիկոդիմոս Ամատունու և Տեր Եսայի քահանայի ընտանիքի լուսանկարները անկրկնելի են ու արժեքավոր:   Եթե հայ շրջանակներում չգիտեն թե ով է Նիկոդիմոս Ամատունին, ապա նրա անունը թեև ժլատ, բայց շրջանառվում էր վրացական և ռուսական աղբյուրներով: Հակիրճ շեշտվում է նրա ծննդյան, մահվան վայրերն ու տարեթվերը, զբաղեցրած դիրքը…
Արդեն տարիներ առաջ առիթ եղել է Նրա կենսագրական որոշ տվյալներ ճշգրտելու և օտար աղբյուրներում իրենց վերագրվող մեր իշխանի ազգային պատկանելիությունը վերականգնելու հնարավորությունը:Առաջին անգամ նրա մասին կարդացի վրացական nobility.pro կայքում, որտեղ ի թիվս վրաց այլ իշխանների՝ առանց լուսանկարի, հիշատակվում էր նաև Նիկոդիմոս Ամատունու անունը՝ ծնված 3.05.1865, Թիֆլիս քաղաքում:Անմիջապես կապվեցի կայքը համակարգողի հետ, որի անունը Լևան էր և հայտնեցի, որ  Նիկոդիմոս Ամատունին ազգությամբ հայ իշխան է և ծնվել է Օշական գյուղում, որպես ապացույց ուղարկեցի՝ ներկայումս իրենց կայք էջում տեղադրված և հետագայում վիքիպեդիա հանրագիտարանում շրջանառվող Նիկոդիմոս Ամատունու լուսանկարը: Լևանը խոստացավ, որ նամակը կփոխանցի կայքի տնօրենին՝ Յուրի Կոստանտինի Չիկովանուն, որը նույնպես ազնվական տոհմից է: Ի պատիվ Չիկովանու՝ նա տեղադրեց լուսանկարը, ճիշտ է ծննդյան տարեթիվն ու վայրը անփոփոխ թողեց, բայց լուսանկարի վերևում ավելացրեց որոշ փոփոխություններ՝մասնավորապես, որ նա ծնվել է Օշական գյուղում: Հետո Նիկոդիմոս Ամատունու անունը՝ արդեն որպես ռուս իշխան՝ թեև որոշ տեղերում նշվում էր նրա հայազգի լինելը, հանդիպեցի ցարական Ռուսաստանի գրեթե բոլոր հանրագիտարաններում և պաշտոնյաների կատալոգային ցուցակներում, նույնիսկ գիտական աշխատություններում: Հետաքրքիր աշխատության հեղինակ է ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը իր՝  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  2011թ. հրապարակած ուսումնասիրությամբ: Այստեղ բացահայտվում են Նիկոդիմոս Ամատունու  այդ ժամանակաշրջանի կենսագրական տվյալներ: Ափսոս, որ Սանկտ Պետերբուրգի ռուսական ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող , պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը անակնկալ կերպով՝  2013 թվականին, պատմական տեղանքի ուսումնասիրման ժամանակ,   անհետանում  է Ղազախստանի տափաստաններում: մինչև օրս նրա մասին տեղեկություն չկա:Այլապես Նիկոդիմոս Ամատունու մասին ավելին իմանալու  համար՝ մեծ կլիներ նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու և համագործակցելու խնդիրը:Դմիտրիևը գիտնականներին մատնացույց էր անում՝  լուրջ ուսումնասիրության ենթարկել Նիկոդիմոս Ամատունու գործունեությունը, նա Ամատունուն դասում էր այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում հատուկ աշխատություններ չեն թողել, բայց բացառիկ պրակտիկ գործունեություն են ծավալել, հսկայական ներդրում են ունեցել  Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը, որտեղ աշխատել է Դիմիտրիևը, նախկինում կոչվել է` իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան: Այստեղ են պահվում Նիկոդիմոս Ամատունու Պարսից ծոց կատարած արշավանքի ամենատարբեր ցուցանմուշները՝  այդ թվում Նիկոդիմոս Ամատունու  սեփական 250 նմուշի առարկաներ, որոնք  այսօր էլ ցուցադրվում են: Մեզ համար ոչ պակաս արժեքավոր է 1996թ. Մոսկվայում հրատարակված «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («дварянские роди русские импери») գիրքը: Գրքի 4-րդ հատորը  հետագա հիմք հանդիսացավ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: ՈՒշագրավն այստեղ ներկայացվող Ամատունիների տոհմածառն է, որը խստիվ համընկնում է Օշականում ամատունիների մոտ գտնվող տոհմածառին՝ տարբերությամբ, որ Նիկոդիմոս Ամատունին ներկայացված է ուղիղ ժառանգական գծով՝ Հայրը Եսային, պապը՝ Ղազարը, վերջինիս հայրը՝ Գասպարը: Գրքի մեջ ճյուղավորումներով ներկայացրած է Գասպարի եղբոր` Սարգիսի տոհմածառը: Վերջինս էլ հիմք է դրել Թիֆլիսում ապրող Ամատունիների ճյուղին, որը պակաս կարևոր չէ հետազոտման առումով:  Ամատունիների արժանի զավակների մասին պատմելիս, անշուշտ հիմք կընդունենք այս գծագիրը:
Այժմ որոշ էական ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրական տվյալներում: Նախ՝ անվան շուրջ որոշ բացատրություն: Աստվածաչնչում հանդիպող անուն է: Ռուսերեն գրվում է՝ Никодим: Հենց այս ձևով էլ՝ князь Никодим Аматуни, կամ Аматуни Никодим Исаевич ձևն առանց որևէ խնդրի շրջանառվում է  ռուսական տարբեր աղբյուրներում: Ինչպես տեսնում եք՝ հայրանունը ռուսերեն գրությունում ևս փոփոխված է: Հայերեն ոչ թե Исаевич, այլ՝ Եսայու: Տոհմածառի հայկական շատ անուններ այս սկզբունքով փոփոխվել են: Այսպես. Ազարբեկը՝  Ազարյա, Հովհաննեսը՝ Իվան, Սարգիսը՝ Սերգեյ, Ղազարը՝ Լազար և այդպես շարունակ:Հունարեն ծագմամբ այս անունը՝ Νικόδημος , նշանակում է «հաղթանակած ժողովուրդ»:  Էականը սակայն նա է, որ հայերեն Աստվածաշնչում անվան վերջին` ի տառը գրվում է՝ ե, այսինքն՝  ոչ  թե Նիկոդիմ կամ Նիկոդիմոս, այլ՝  Նիկոդեմոս: Այս վերջին տարբերակով է Վիքիպեդիայում գրվել Նիկոդիմոսի անունը: Փաստն այն է, որ Օշականի ավագ քահանա Եսայի տեր Ամատունին իր որդուն անվանակոչել է,  ոչ թե Նիկոդեմոս, այլ՝ Նիկոդիմոս:Նախքան ապացույց ներկայացնելը ճշտենք նրա բնակության վայրն ու տարեթիվը ևս, այնուհետև իմ այսքան տարիների ձեռք բերած համեստ տեղեկություններով կպատմեմ Ամատունի ազգանունը կրող ու մեզ անհայտ իսկական մտավորականի կյանքի մյուս դրվագների մասին:Ռուսական, վրացական ու  նաև ֆրանսիական  գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է  1865թ մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946թ. մարտի 4-ին Փարիզում: Հետաքրքիր է, որ  նրա  մասին  ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ, ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին: Ինչպես տեսնում եք, տարբերվող տարեթիվ: Հետաքրքրականը նաև այն  է, որ գիտնականը չի նշել ծննդյան վայրը: Այն, որ Նիկոդիմոս Ամատունին Օշականում է ծնվել և այդ  մասին  ժամանակին անհերքելի  կենդանի վկայություններ եմ  լսել  մեր  բարեկամ-ազգակիցներից, կասկած չի հարուցում: Հենց այս փաստն էլ հանգիստ չտվեց երկարատև հետազոտություն կատարել  Հայաստանի  պետական արխիվում՝ մնում էր  պարզել նրա ծննդյան տարեթիվը՝  ճիշտ է, թե՞  սխալ: Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ օրերի պրպտումներից հետո, 1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանում՝  1859 տարեթվի  ներքո՝ գրված  Օշական գյուղի մյուս քահանա  Յոհակիմ  Մելիքյանի ձեռամբ, հետևյալ  արձանագրությանը հանդիպեցինք.«Եսայի Ղազարյան Ամատունի, օրինավոր կինը Մարգարիտ Գևորգի՝ ծնեց զավակ արու, ի հայոց դավանության»  նշված է օրը՝ մայիսի 15, մկրտման օրը՝ 25: Գրանցված է մանկան անունը՝ Նիկոդիմոս, կողքի սյունակում գրված է՝ կնքահայրը «Նախիջևանից Գաբրիել տեր Աբրահամյան, վկա՝ տանուտեր Մկրտիչ տեր Մեսրոպյան»:Այսպիսով՝  Նիկոդիմոս Ամատունու ճշգրիտ ծննդյան տարեթիվն է, ոչ թե 1865-ը, կամ 1862-ը, այլ՝ 1859 թվականի մայիսի 15-ը, նոր տոմարով՝ ճիշտ մայիսի 3-ը (ՀԱԱ,ֆ.47,ց.1,գործ773): Դժվար է կռահել, ինչու՞ է փոխվել Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրն ու տարեթիվը, միգուցե՞  ուսումնառության, կամ այլ նկատառումներով այդպես հարմար է եղել:Մյուս փոքրիկ թյուրիմացությունը, որ պարզել ենք՝ կապված է նրա ծառայողական պաշտոնական դասին: Մասնավորապես հայկական վիքիպեդյայում և հետին թվով մի հուշագրությանը կցված ծանուցագրում՝  Ն.Ամատունուն վերջնականորեն ներկայացրել են Ռուսական կայսրության հինգերորդ կարգի իսկական պետական խորհրդական:  Իհարկե, նա ժամանակին՝ սկսած 1890թ. անցել է ծառայողական տարբեր աստիճաններով, այդ թվում եղել է 5-րդ կարգի պետական խորհրդական՝  1907-1911թվականներին: Պետք է նկատել, որ «պետական խորհրդականից» հետո, նրան շնորհվել է՝ «ԻՍԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ», ուրեմն՝ 5-րդ դասը դարձել է՝ 4-րդ: Ավելացնենք, որ միայն 4-րդ դասի խորհրդականներին էին  հասու պետական այնպիսի պարգևների հանձնում, ինչպիսիք են  Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Ստանիսլավի  շքանշանները, որով Ամատունին պարգևատրվել է 1915-16թթ: Ի դեպ, 4-րդ կարգի խորհրդականներին՝ ըստ օրենքի, փոխանցվել է ազնվականության ժառանգական իրավունք:Նիկոդիմոս Ամատունու  մասին  մենք բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել՝ հենվելով ճշգրիտ աղբյուրներին: Այդ մասին մենք այս հոդվածում կանդրադառնանք հակիրճ՝ հետագայում հրապարակելու պայմանով: Այն ժամանակ, երբ ցարական պետության կենտրոնաձիգ քաղաքականությունը օրենքներ էր մշակում ռուսական ազդեցության գոտին ընդլայնելու և  հակառակը՝  սահմանափակելու այլ ազգերի ինքնագիտակցության դրսևորումները, երբ  այդ նպատակով փակվում էին ազգային դպրոցները, Նիկոդիմոս Ամատունին՝ հայրենի Օշական գյուղում, նոր ու շքեղ չորսդասյա գեղեցիկ դպրոցի կառուցման նախաձեռնողն ու նվիրատուն  էր: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր:Նրան հաճախ թույլատրում էին անթույլատրելին, քանզի  նա ցարական պետության համար անում էր անկարելին: Ցարական պետությունը որտեղ նրան գործուղեր, ինչ աշխատանք  հանձնարարեր՝ Ամատունին պատվով էր կատարում:  Նրան գործուղում էին այնտեղ, որտեղ տվյալ ոլորտը կարգի պետք է բերվեր և գերակա էր պետական շահերի համար: Այդ էր պատճառը, որ նա աշխատանքային 20 տարվա ընթացքում պետական 14-րդ դասի ծառայողից՝ հասավ 4-րդին՝ «կոլեգիական ռեգիստրատորից» մինչև «պետական իսկական խորհրդականի»՝ այն ժամանակվա պետական քաղաքականությունը ինքնուրույն մշակող պետական պաշտոնյայի. այն դեպքում, երբ «պետական խորհրդականից»՝ «իսկական պետական խորհրդական» դառնալու  համար  10 տարի է անհրաժեշտ: Ամատունին այդ ճանապարհն անցավ 4 տարում: Ի դեպ այս կարգն ստացողը ընդմիշտ ժառանգում էր ազնվական տիտղոս, որն արդեն վաղուց ուներ Ամատունին: Ամատունու  մեզ հայտնի աշխատանքային  դրվագների ու առանձին դետալների մասին առանձին-առանձին մենք կպատմենք մեր ընթերցողին: Կհամոզվեք թե ինչպիսի կազմակերպվածությամբ ու սրտացավությամբ է կարգի  բերել  իրեն վստահված  ասպարեզը: 



Միևնույն ժամանակ Նիկոդիմոս Ամատունին անհանդուրժող էր  կարգազանցներին և ուներ ազգային բարձր արժանապատվություն: Այս առնչությամբ, 1913 թ. Հայաստանում եղած ժամանակ,  հետաքրքիր միջադեպ է գրանցվում Նիկոդիմոս Ամատունու և  Երևանի նորանշանակ փոխնահանգապետ, Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևի միջև: Փոխնահանգապետը չի էլ պատկերացնում Ամատունու ազգային պատկանելիությունը և իր շանը արմյաշկա կանչելով՝ վիրավորում է վերջինիս ազգային ինքնասիրությունը: Արդյունքում ապտակ է ստանում Ամատունուց և գործը քննելուց հետո՝ զրկվում է պաշտոնից:Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու  Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի  ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Նրա հորեղբոր որդիներից մեկը՝ Գառնիկ Ավագի Ամատունին, որն այդ տարիներին ցարական ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել  իրենց, իսկ 1917թվականին ռուս-հայկական զորամիավորումները պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը կանգնեցրեց Ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայեց Ռուսաստանի կովկասյան բանակը։Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1916 թ. մարտերում։ Ավելին՝   արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին:Բոլշևիկներին այդպես էլ  Նիկոդիմոս Ամատունին  չկարողացավ  ներել,  նա կանգնեց սպիտակների  կողքին: 1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին: Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝  բոլշևիկյան կարգերին չհարմարված բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Եղբոր թոռան՝ իշխան Ամատունու և նրա որդի Գարեգինի հավաստմամբ, նա իր  ունեցվածքը նվիրաբերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը : Ցավոք նրա շիրմաքարը բարվոք վիճակում չէ և սպասում է իր  բարերարին:
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)
Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին: Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը: Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող,թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ: Թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունին հետագայում իր դստեր՝ Եվգենյային կնություն է տալիս Նիկոդիմոսին: Մինչ այդ՝ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ: Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ: 1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով: 1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ): 1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է: 1896 թ. ապրիլի 30-ից ` Վիտեբսկի , 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ): 1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը: 1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ: 1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ): 1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի(статский советник) աստիճան: 1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը’ Ռուսաստանի համար: 1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ » շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար: 1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը: Լողացող ցուցահանդեսի անձնակազմը՝ Նիկոլայ 2-րդ (հետագայում նավն վերանվանվել է՝ Իլիչ ) նավի վրա: Կենտրոնում Ամատունին է:


 1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան: 1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր բարերարը:1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:Կարմիր Խաչի դաշտային պահեստների ղեկավարների համագումարում: Լուսանկարում Կարմիր խաչի պահեստների խորհրդի եւ համագումարի նախագահ Գոֆմեյստեր (միապետական պալատի 3-րդ դասի աստիճան) իսկական պետական խորհրդական Բ.Կ.Օրդինը(1): Անմիջապես նրա կողքին է նստած Կարմիր Խաչի Հյուսիս-Արևմտյան շրջանի պահեստի ղեկավար, Իսկական պետական Խորհրդական, իշխան Ն.Ի.Ամատունին(4), Խորհրդի նախագահի ուղեկից-օգնական, իսկական պետական խորհրդական, պրոֆեսոր Կոմս Օ.Վ. Պետերսենը(2):Կ.Խ-ի Դաշտային պահեստների հյուսիսային շրջանի ղեկավար, գեներալ Վ.Ս.Լվովը(5), Հարավ-Արևմտյան շրջանի ղեկավար, եգերմեյստեր (3-րդ դասի աստիճան), պետական իսկական խորհրդական Վ.Դ. Եվրեինովը(3), Հարավային շրջանի ղեկավար, պետական խորհրդական Ի.Յ.Էզաուն(7), Կովկասի շրջանի ղեկավար Ա.Յ. Միլլերը(6) Պետրոգրագյան պահեստի ղեկավար Ա.Ա.Սմիրնովը ( , Մոսկվայի պահեստի ղեկավար, պետական խորհրդական Ա.Դ.Վինոգրադովը(9), Կովկասի շրջանի պահեստի Տրապեզոնի բաժանմունքի վարիչ Վ.Վ.Զախարովը (10)1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ: 1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին: 1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:


Պարգևներ

1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար: Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով :Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է :Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:  


Աղբյուր՝ «Նիդերլանդական օրագիրը»

02.07.2018

Holy Crown of Armenia


ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԻՆԳ ԱՄՅԱԿԻՆ
ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԹԱԳԸ
Holy Crown of Armenia

Արշակունիների պարծանքի թագը եղար, քո առաքելաշավիղ վարքով տեր Գրիգորիոս,  նահատակությանդ հանդեսը զարդարդարեցիր բազմագույն քարերով, որով հյուսեցիր սուրբ եկեղեցուն վայելուչ պսակ:

 Հովհաննես Երզնկացի-Պլուզ


Հայոց սրբազան թագի առեղծվածը
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում ցուցադրվում է մի սրբապատկերի մասունքակիր պսակ, որը ժամանակին զարդարել է Սբ Տրդատ արքայի սրբապատկերը և ընդունված է համարել, որ պսակի արտաքին տեսքը վերցված է իրական թագից, որն այժմ կորած է: Ի՞նչ գիտենք մենք այդ պսակի մասին, ինչպիսի՞ պատմական տեղեկություններ կան պսակներով զարդարված այլ սրբապատկերների վերաբերյալ և ի վերջո արդյո՞ք սա չէ «Դաշանց Թղթում» հիշատակվող կայսրական մեծ պսակը, որով Կոստանդիանոս կայսրը պսակեց Սբ Տրդատ արքային: Ինչպես հասկացանք մենք այսօր անդրադառնալու ենք մի շատ հետաքրքիր և բացառիկ պատմական իրողության, որի անունն է Հայոց սրբազան թագ:


Հայոց սրբազան թագը սերտորեն կապվում է Քրստոնեության որպես պետական կրոն (301 թ.) ընդունման հանգամանքի և Տրդատ Գ Մեծ Արշակունի(250 – 330, նոյեմբերի 29) թագավորի անվան հետ: Պատմիչներից հայտնի է, որ Տրդատ թագավորը Արածանի գետի ակունքներում մկրտվեց, ապա ըստ ավանդության՝ Բագարանում տեղի ունեցավ վերաթագադրման արարողություն, կամ ինչպես պատմիչներն են հիշատակում՝ Արքայից հանդեսը: ԺԳ դարի աստվածաբան, վարդապետ Հովհաննես Երզնկացին Սբ Տրդատ արքայի մկրտությունը՝ Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից, ով ևս Արշակունի էր, բնութագրում է Եսայու մարգարեության 28.3 համարում հիշատակվող Եփրեմի Պարծանքի թագի կործանմանն ի հակադրություն՝ Լուսավորչի չարչարանքներով Արշակունիների Պարծանքի թագի վերականգնումը
Այսպիսով Հայոց Սրբազան թագ ասելով՝ նկատի ունենք Սբ Տրդատ Գ Մեծ Արշակունի թագավորի արքայական մեծ պսակը:
Հայտնի է, որ հայոց արքունիքի գանձարանում մշտապես պահվել են մի քանի թագեր՝ մեզ հայտնի Տիգրանյան թագը կամ խույրը, որը կրել են գրեթե բոլոր հայ արքաները, անձնական կամ նվիրաբերված թագեր, դինաստիական թագեր:
Այժմ տեղափոխվենք 885թ, երբ Բագարանի Սբ Հովհաննես Մկրտիչ տաճարում՝ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը, հայոց մեծամեծ նախարարների ներկայությամբ՝ թագադրեց Բագրատունյաց Առաջին վեհապետին՝ Աշոտ Ա-ին: Առաջին հայացքից կարող է հարց ծագել, թե ի՞նչ կապ ունի Տրդատ Ա-ի թագը և Աշոտ Ա-ի թագադրումը, մինչ այդ հարցին անդրադառնալը՝ մեկ այլ հետաքրքրական սովորույթի մանրամասները դիտարկենք: Պատմիչներից հայտնի է, որ մեր արքաներն, իրենց կենդանության օրոք, սովորություն են ունեցել արքունիքում կամ այլուր «կենսագիր» պատկեր ունենալ, այդ մասին հիշատակում առաջին անգամ տեսնում ենք Վրթանես Տեղապահի նամակից, ուր հիշվում է, թե Դվինի Սբ Գրիգոր եկեղեցում առկա էր Սբ Տրդատ արքայի որոմնանկարը, նաև այդ մասին անուղակի վկայում է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը՝ իր պատմության մեջ՝ հիշելով Աշոտ Ա-ի թագադրման նախընթաց արարողությունների մեջ՝ արքայի դիմապատկերի նկարման գործընթացը: Հետաքրքրական է մեկ այլ հիշատակության համաձայն՝ Թ դարում, ոմն մի Բագրատունի իշխան՝ Բյուզանդիայի Հայկական մասից, բերում է հրաշագործ սրբապատկեր, որի պատվին նույնիսկ շարական է ձոնվում, սակայն թե ում պատկերն էր այն հայտնի չէ, կան ենթադրություններ, որ Աստվածածնի պատկերն է, սակայն մենք այլ կարծիքի ենք:
Այժմ մեկ այլ պատմական միջավայր տեղափոխվենք, որը մեզ թույլ կտա մեկ քայլ ևս մոտենալ պատմական այս առեղծվածին: Բյուզանդիայի հայազգի Հերակլ զորավարը, երբ 610 թ-ին, ապստամբության շնորհիվ տապալեց Փոկաս կայսեր իշխանությունը, շտապեց գնալ Կոստանդինոպոլսի Սբ Սոֆիայի տաճար՝ Սերգիոս պատրիարքից թագ ստանալու, որի մասին իր Ժամանակագրության մեջ հիշում է Հովհաննես Անտիոքացին՝ ասելով, թե Հերակլ Բ ապագա կայսրը Կ. Պոլսի ճանապարհին կանգ առավ Կիզիկիայում և տեղի մետրոպոլիտը, կայսրին տանելով տաճար, աղոթք կարդաց և հանելով Սբ Աստվածածնի սրբապատկերի պսակը՝ թագադրեց կայսրին, որից հետո նոր Սբ Սոֆիայի տաճարում կատարվեց պաշտոնական թագադրման հանդեսը: Այժմ կրկին վերադառնանք 885 թ, օգոստոսի 26, երբ Բագարանի Սբ Հովհաննես Մկրտչի տաճարում, որտեղ ժամանակին ավանդաբար թագադրվել էր Տրդատ Մեծը, ինչպես նաև մինչ այդ արդեն Հայաստանում էր գտնվում վերը հիշված սրբապատկերը, Հայոց Գևորգ Գառնեցի կաթողիկոսը ուղեկցեց Իշխանաց իշխան Աշոտին դեպի տաճար և տանելով սրբապատկերի մոտ՝ աղոթք կարդաց արքայի վրա (վավերագրերում խոսք է գնում օծման մասին), ապա հագցրեցին արքայական զգեստները և վերցնելով թագը՝ պսակեց Աշոտին: Ակնհայտ նմանություն կա  երկու տարբեր թագադրումների միջև երկուսում էլ տեսնում ենք՝ սրբապատկեր, բարձրաստիճան հոգևորական և սրբապատկերի մոտ առկա թագ կամ պսակ, երկու դեպքում էլ աղոթք է կարդացվում և նոր տեղի է ունեում թագադրումը: Այս երկու պատմական իրողություններ բավական հետաքրքիր փաստեր են մեզ համար, որոնք տալիս են մեզ որոշակի պատկերացումներ թե՛ հայկական և թե՛ բյուզանդական արարողությունների զարգացումների մասին
Եթե բյուզանդիայում սրբապատկերի առջև պսակով թագադրվելը Թ դարում արդեն վերացել էր, ապա ինչպես տեսնում ենք հայկական միջավայրում կա՛մ նոր էր ձևավորվում, կա՛մ էլ բավական հին ակունքներ ուներ, և արդեն բավական պարզ, տրամաբանական է դառնում, թե ի՞նչ պսակ է Մայր Աթոռի թնագարանում պահվող ձուլակտորը, և հատկապես ինչո՞ւ է հենց Տրդատ արքայի սրբապատկերը զարդարել դրանով սակայն մեկ հարց դեռ մնաց բաց՝ արդյո՞ք մենք գործ ունեք Դ դարի թագի հետ, և ի՞նչ պատմական հիշատակներ են մեզ հասել այս թագի վերաբերյալ: 1837 թ-ի հոկտեմբերին, Արևելյան Հայաստան է այցելում Նիկողայոս Ա ցարը և ցանկություն հայտնում տեսնել հայոց արքաների «հին և մեծարժեք» թագը (իմիջայլոց տարատեսակ կարծիքներ կան այդ թագի հետ կապված՝ ոմանք պնդում են թե այն հայրապետական խույր է, սակայն նման պնդումները անհիմն են, քանի որ ռուսաց ցարին դժվար թե հետաքրքրեր թանկարժեք քարերով զարդարված կտորե խույրը, որոնցից իր երկրում շատ կար՝ ամենաբարձր նրբաճաշակ ավեստով զարդարաված:
 Մի հետաքրքիր հիշատակություն կան, թե երբ ռուսները գրավում են երևանի բերդը Էջմիածնի գանձերից, որպես ավար տանում են մի մեծագին գոհարներով զարդարված թագ, ապա կաթողիկոսի խնդրանքները լսելով՝ վերադարձնում են այն) երկար ուսումնասիրություններ մեզ թույլ տվեցին հասկանալ թե ինչումն է խնդիրը, և ինչո՞ւ թագի մասին խոսելիս նաև ակնարկվել է խույրը և ի վերջո կայսրին պետք է հետաքրքրեր այն երկրի աշխարհիկ իշխանության խորհրդանիշերը, որոնց տերն ինքը դարձել էր: ԺԷ դարից սկսած հայկական գաղթօջախներում ստեղծված բազմաթիվ հերալդիկ պատկերներ պսակված են անհասկանալի մի թագով, որի մասին այսօր կարծես մոռացել են, իսկ տարօրինակ թագը սովորական է դարձել մեր տեսողության համար: Սկսած Սբ Ղազարի միաբանությունից, վերջացրած հնդկահայ համայնքիվ, ուր այն լայնորեն կիրառվել է: Պահպանված գրեթե բոլոր պատկերներում այն աղավաղված է, և անհասկանալի ձև ունի: Թվացյալ լռության շեմին, երբ խորանում ենք խնդրի էության մեջ, ապա նկատում ենք մի շարք բացթողումներ, որոնց վերադիտարկումը գալիս է նոր լույս սփռելու մեր այս թագի առեղծվածի վրա: Թերթելով ժամանակի հանրահայտ հանդեսները և պարբերականները պարզ է դառնում, որ միայն մեզ չէ, որ հետաքրքրել է այս թագը, և ժամանակին զանազան կարծիքներ են հնչել, բայց ակներև է և փաստ, որ բոլոր ակամա ուսումնասիրողները հանգել են այն մտքին, որ թագն իրապես գոյություն է ունեցել: Մխիթարյան միաբանության հանրահայտ «Բազմավէպ» հանդեսի համարներից մեկում կարդում ենք.
«Այո, կան հիշատակներ, որոնց կողքով մարդն անտարբեր չի կարող անցնել, որոնց առջև մարդու սիրտը չի կարող խաղաղ մնալ և մանավանդ հայրենասեր մարդու աչքն առանց արցունքների չի կարող չտեսնել իր հայրենիքի մեծ փառքի վաղեմի հիշատակները
Որ հայի սիրտը կարող է այն մեծ Տրդատի գլխի պսակը տեսնել և մտովի չտեղափոխվել այն մարտի դաշտերը, որտեղ դիցանման, սուրբ հսկան բոլոր քաջերից վեր դասվեց»:
Վեր հիշված նյութից տեղեկանում ենք, որ Սպահանում մի գիրք է եղել, որի մեջ ըստ երևույթին պատկերված էր մեզ հետաքրքրող թագը՝ հետևյալ գրությամբ. «ՋՈՒՐ ԱՐՏԱՍՈՒԱՑ ԱՉԱՑ ՈՎ ՏԱՅ ՈՂԲԱԼ ԶԹԱԳՍ ԱՅՍ ՏՐԴԱՏԱՅ»: Հոդվածագիրը վկայում է, թե գիքը պատկանել է՝ արդեն այն ժամանակ հանգուցյալ, Սահակ վրդ. Մաղաքյանին:
Այսպիսով ակնհայտ է, որ արդեն ԺԹ դարի վերջ թագն անհետացել է և մնացել է նրա նկարված պատկերը, որն աղավաղված է և ըստ երևույթին՝ նկարիչը կա՛մ վերհիշելով է փորձել նկարել, կա՛մ էլ մեծ ջանքեր է գործադրել ստանալու թագի եռաչափ պատկերը և ստացել է այն ինչ մենք այսօր տեսնում ենք: Այժմ վերադառնանք 1837 թվական, երբ Նիկողայոս Ա ցարը ժամանեց Էջմիածին տեսնելու «Հայոց արքաների հին և մեծարժեք» թագը: Օրվա կաթողիկոսն էր Հովհաննես Թ Կարբեցին, իսկ Երևանի ժամանակավոր կառավարիչն էր իշխան Բարսեղ Բեյբությանը: Մեծ եղավ կայսեր հիասթափությունը, երբ նկատեց, որ թագի քարերը փոխված են և նույնիսկ հրաժարվեց իր պատվին պատրաստած ճաշկեույթից՝ հետագայում էջմիածնում այդ ամոթալի իրողությունը փորձեցին այլ կերպ մեկնաբանել՝ ընդհուպ արքայական թագը արտահայտությունը փոխարինելով հայրապետական խույրի՝ իբրև վերջինս ինչ-ինչ պատճառներով հայտնվել է Անդրկովկասի կառավարիչ Ռոզենի կնոջ մոտ, ով և փոխել էր թնակարժեք քարերը: Այս եղելությունից հետո թագի մասին այլևս ոչ մի հիշատակում չկան՝ ինչպես նաև հորինված կաթողիկոսական թագի կամ խույրի: Չցանկանալով խորանալ եղելությունների և անցքերի առատության մեջ, որոնք մեր շարադրանքը անմարսելի կդարձնենք՝ անմիջապես ներկայացնեք, թե ինչ  է իրենից ներկայացնում Տրդատ արքայի թագը և երբ է այն պատրաստվել: Հնում ոչ ոք հենց այնպես թագ չէր ձուլում և չէր զարդարում թանկարժեք քարերով՝ հետևապես մեր խնդրո առարկա թագը բացառություն չէ, ըստ երևույթին ստեղծվել է ԺԷ դարի կեսերին կամ ավելի վաղ, ոճային առումով Վերածննդի շրջանի ազդեցությունն է նկատելի, սակայն որոշ մասիկներ մեզ հիշեցնում են Սասանյան շրջանի կիրառական արվեստը, իսկ ճառագայթաձև, հավասարաթև խաչերը Դ դարի, այսինքն՝ վաղքրիստոնեական շրջանի են: Թագի պատկերի խորը ուսումնասիրությունը հետևյալ իրողությունն  է մեզ  փոխանցում՝ թագի որոշ դետալներ բավական հին են և ըստ երևույթին՝ ոսկերիչները նոր թագը պատրաստելիս կամ կիրառել են ավելի հին թագի պահպանված մասնիկներ կամ դրանց նմանությամբ նոր են պատրաստել՝ հիմնվելով «Դաշանթ Թղթի» մեջ հիշվող թագի նկարագրության վրա՝ «Պսակեց մեծ Արքա Տրդատին մեր կայսրական թագով շողշողացող և թանկարժեք քարերով զարդարված»: Հայտնի է, որ 1800 թ-ին Պավել կայսրի հրովարտակով Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը դարձավ հայոց կաթողիկոս և վավերագրերից նաև գիտենք, թե դեռ Եկատերինա Բ ժամանակ արդեն իսկ նախապատրաստվել էր ամեն բան թագադրության հանդես կազմակերպելու համար, որով վերածնվելու էր Հայոց թագավորությունը, ուստի վերոհիշյալ թագը ոչ այլինչ էր քան վերաստեղծվելիք հայոց թագավորության փառահեղ պսակ, որով թագադրվելու էր Հայոց Արքան
Սակայն Հովսեփ սրբազանի անսպասելի մահը վերջակետ դրեց այդ գաղավարի մարմնացման վրա, իսկ թագը, որ պատրաստվել էր արքային թագադելու համար՝ հավանաբար մնաց Էջմիածնում մինչև 1837 թ-ի մեզ արդեն հայտնի միջադեպը, որից հետո այլևս այն տեսնող չի եղել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ այն բախտակից է մեր հարևան՝ Վրաց ազգի թագավորական թագին, որն այսօր գտնվում է Բելգիայում՝ անհատ նմուշահվաքի հավքածույում: Հայ միապետական շրջանակներում այսօր արդեն աշխատանքներ են տարվում վերականգնելու այս մեծագին գանձը: 



Վ. Ասպետունի

Աղբյուրներ՝
Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»
Հովհաննես Ե Դրասխանակերտցի, «Պատմություն Հայոց»
«Բազմավէպ», հայագիտական, բանասիրական, գրական հանդես, հատոր Է, 1849 թ.
Կաթողիկոս Հովսեփ Արղության, Դավթար


Հոդվածում կիրառված պատկերները պաշտպանված են հեղինակային իրավունքով:

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ