31.08.2014

Զաքարյանների ծագումը



ԱՐՂՈՒԹՅԱՆ-(ԶԱՔԱՐՅԱՆ)ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿՆԵՐ
Аргутинские-Долгорукие (Закаряны, Мхаргрдзели)

Հայոց Շահնշահ՝ Զաքարե Բ Երկայնաբազուկ:


Երկայնաբազուկները եղել են հայկական իշխանական և ինքնակալ թագավորական տոհմ Հայաստանում` 11-14-րդ դարերում:
Զաքարյանների ծագման շուրջ կան 2 հիմնական աղբյուրներ` հայկական և վրացական: Հայկական աղբյուրները հիմնված են արձանագրությունների, տվյալ տոհմի և այլ ժամանակակիցների ներկայացրած գրավոր աղբյուրների հիման վրա, որին հակառակ վրացական աղբյուրները հանդիպում են ավելի ուշ` 14-18-րդ դարերում, որոնք անտրամաբանական, հիմնազուրկ տեղեկություններով են լցված Զաքարյանների ծագման մասին: Ըստ հայկական աղբյուրների Երկայնաբազուկները սերում են Բագրատունիներից, իսկ հետագայում մորական կողմից նաև ազգակից են եղել Արծրունիներին, որոնց մասին կան տվյալ ժամանակների արձանագիր հիշատակարաններ: Բագրատունիներից սերված լինելու մասին ամենաուշագրավ ու հիմնավոր արձանագրություն համարվում է Հաղարծնում 1212 թվականին Իվանե Զաքարյանի կողմից արված արձանագրությունը, որում կարդում ենք.

«ԱՅՍ ԳԻՐ ՄԵՐ ՅԻՇԱՏԱԿԻ Է ԵՎ ԱՐՁԱՆ ՄՇՏՆՋԵՆԱՎՈՐ.ՈՐԴԵԱՑ ՄԵԾԻՆ ՍԱՐԳՍԻ ՅԱԶԳԵ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ԻՎԱՆԵ ԵՎ ԶԱՔԱՐԵԻ ՅՈՐԺԱՄ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷՀԱՍ ՅԱՐԱՐԱԾՍ ԵՎ ԵՏ ՏԻՐԵԼ ՍԵՊՀԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՆԱԽՆԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՏ Ի ՁԵՌՍ ՄԵՐ ՅԱՌԱՋ ԶԱՆԱՌԻԿ ԴՂՅԱԿՆ ԱՆԲԵՐԴ»:

Երկայնաբազուկների` Բագրատունիներից սերված լինելու մասին մեզ է հասելևս մեկ արձանագրություն, որ թողել է Մեծ Սարգիս Զաքարյանի դուստր և Իվանե ու Զաքարե Ամիրսպասալարների քույր Վանինեն (Նանա) իր ամուսին Աբաս Բ Կյուրիկյան թագավորի պատվին Սանահինում կառուցած կամրջի խաչքարի վրա.

 «...ԱԶԳԻՑ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ, ԵՍ ՎԱՆԵՆԻ ԴՈՒՍՏՐ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ ՍԱՐԳՍԻ ՈՐԴՈ ԶԱՔԱՐԵԻ, ԿԻՆ ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՇԻՆԵՑԻ ԶԿԱՄՈՒՐՋՍ ԵՎ ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿ ՆՄԱ ԵՎ ՄԽԻԹԱՐ ԻՆՁ ԵՎ Ի ԿԵԱՆՍ ԾՆՈՂԱՑ ԵՎ ԵՂԲԱՐՑ ԻՄՈՑ»:

 Զաքարյանների` իրենց Արծրունի կոչելու մասին մեզ հասած վկայությունը Ամբերդի արաբատառ արձանագրությունն է, որում կարդում ենք

«ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ԶԱՔԱՐՅԱ ԻՎԱՆԱ ԱՐԾՐՈՒՆԻ»:

Պատմական աղբյուրների քննությունը ցույց է տալիս, որ նրանց մայրը Մահկանաբերդի տեր Ամիր Քուրտ Արծրունի իշխանի դուստրն էր` Սահակադուխտը: Իրենց համարելով Արծրունիների ժառանգ, Զաքարյանները սրանով հավակնություն են ներկայացնում նաև Վասպուրականի հանդեպ: 1195 թվականից Զաքարյանները լիովին օգտագործում էին Բագրատունյաց տոհմական տիտղոսները, բագրատունյաց իրավահաջորդի և նրանցից սերված լինելու իրավունքով: Բագրատունիներից սերված եվ ժառանգորդ ներկայացող զաքարյանները թողել են եվս մի ուշագրավ արձանագրություն 1210 թվականի հաղբատում,որտեղ կարդում ենք.

«ԵՍ ՄԱՆԴԱՏՈՐԹԱՎԽՈՒՑԵՍ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ՇԱՀՆՇԱՀ ԶԱՔԱՐԻԱ ՈՐԴԻ ԲԱՐԵՊԱՇՏ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ ՍԱՐԳՍԻ {ԵՏ ԱՍՏՈՒԱԾ Ի ՁԵՌՆ ԵՐԿՈՒ ՀԱՐԱԶԱՏԱՑՍ ԶԱՔԱՐԵԻ ԵՎ ԻՎԱՆԵԻ ԶՍԵՓԱԿԱՆ ԴՂՅԱԿՆ ՄԵՐ ՅԱՆԲԵՐԴ ԶՇԻՆԵԱԼ Ի ՆԱԽՆԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՎ ԱՅԼ ԲԱԶՈՒՄ ԱՄՐՈՑՍ»

Այսինքն այստեղ հստակ ոչ միայն ներկայանում են Բագրատունյաց տիտղոսով, այլ հայտարարում են իրենց Ամբերդը կառուցողների ժառանգ , այսինքն` Բագրատունի: Հիմնավոր է նաև նրանց հայկական ծագման փաստը. նրանք հայկական տոհմ են եվ այդ մասին վկայում է Ստեփանոս Օրբելյանը, որը մասնավորապես 1297 թվականի իր աշխատության մեջ  գրում է.

«ԹԱՄԱՐՆ ՄԵԾԱՐԵԱԼ ԶՈՐԴԻՍՆ ՍԱՐԳՍԻ,ՈՐԴՎՈՅ ԶԱՔԱՐԵԻ ԻՇԽԱՆԻ` ՀԱՅ ԱԶԳԱՎ ԵՎ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՎԱՏՈՎ ԶԶԱՔԱՐԵ ԵՎ ԶԻՎԱՆԵ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՑԱՆԵ Ի ՓԱՌՍ ԵՎ Ի ՊԱՏԻՎՍ»:

Զաքարյանները սերվում էին Ոստան համարվող Կորճայք գավառից Լոռի տեղափոխված Բագրատունիների մի ճյուղից, որոնք 1048 թվականին անցան Գուգարք և ճանաչելով լոռվա Բագրատունի Կյուրիկե Ա թագավորի գերիշխանությունը, ամնբողջ գերդաստանով, զորքով և ունեցվածքով, ինչպես նշում է Վարդան վարդապետը, հաստատվեցին Գուգարքում` ստանալով Խոժոռնի գավառակը համանուն բերդով. 

«ՀԱՏՈՒԱԾ ԵՂԵԱԼ ԱՌ ԹԱԳԱՎՈՐՍՆ ՁՈՐԱԳԵՏՈՅ,ՈՐ Ի ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ԱԶԳԵ.ՏՈՒԱՎ ՆՈՑԱ ՏՈՒՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐՆԻ»:

Զաքարյանների քրդական ծագման աղբյուր է հանդիսացել Կիրակոս Գանձակեցու և Զաքարիա սարկավագի (17-րդ դար) անհիմն մի վկայություն, որը հենց Զաքարիա սարկավագը համարեց թյուրըմռնման արդյունք`գրելով. «...զի համառոտ պատմե Կիրակոս»: Զաքարիա սարկավագը,  Գանձակեցու` «բաբիլական խելեն» արտահայտությունը չի վերագրում տոհմին, այլ ներկայացնում է որպես տարածք, և շարունակում. «այր քրիստոնյա, եկեալ երկրեն բաբիլական»: Այս մերժված ու անհիմն վարկածները շրջանառության մեջ դրվեց վրացական պատմագիտության կողմից: Նրանց օտար ծագում տալու նպատակը մեկն էր` Զաքարյանների Բագրատունյաց ծագումը ընդունելով, նրանք իրեց մեծատոհմիկությամբ կգերազանցեին վրաց Բագրատունիներին,և հետևաբար կխախտվեին ֆեոդալական աստիճանակարգության սկզբունքները, ինչն ամեն կերպ ջանում էին բացառել: Այդ անհիմն վարկածները ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց ավելի ուշ, մինչդեռ վաղ աղբյուրները հիմնավոր կերպով լուսաբանում են իրականությունը: 1200-1236 թթ. Զաքարյանները ինքնակալ ու ինքնիշխան էին,նրանց ինքնակալությունը արձանագիր ճանաչել է Խլաթի ամիրայությունը, Բյուզանդական կայսրությունը, Հայկական Կիլիկյան թագավորությունը: Նրանք հիշատակվում են «Շահնշահ Հայոց», «կեսարոս Հայոց», թագավոր, տիեզերակալ եվ ինքնակալ: Նրանց էին պատկանում վրաց բարձրագույն պաշտոնները: 1200-1236 թվականներին, որպես ինքնակալ թագավոր, նրանք հաստատում են ունիա Վրաստանի հետ, զբաղեցնելով վրաց արքունի բարձրագույն պաշտոնները: Հետագայում, թաթար-մոնղոլոկան արշավանքների հետևանքով, անկում ապրեց Զաքարյան իշխանապետությունը: 14-րդ դարի երկրորդ կեսից արդեն նրանք հանդես են գալիս որպես Հայաստանի ազդեցիկ իշխաններ: Վրաց արքունիքում նրանց անվանում եին Մխարգրձելի, որ թարգմանվում է` երկայնաբազուկ: 14-րդ դարից նաև թաթարական ցեղերը նրանց տոհմին անվանեցին թարգմանաբար Արղութ, որը չաղաթայերեն բառացի թարգմանվում է լայնաթիկունք կամ երկայնաբազուկ, և հանդիսանում է հենց երկայնաբազուկի չաղաթայերեն հոմանիշ, որը համատեղ հայկական Երկայնաբազուկի հետ, պատմության մեջ մտավ Արղութեան-Երկայնաբազուկներ անվանումով: 15-րդ դարից սկսած Զաքարյանները պատմության մեջ հանդես են գալիս արդեն որպես Արղության-Երկայնաբազուկներ, Վրաստանում` Արղության-Մխարգրձելի` տոհմական սեփականություն ունենալով Սանահին գյուղը իր շրջակայքով, որտեղ գտնվում են Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները:  Տոհմական սեփականությունը պահպանվեց մինչեվ 1920 թվականը:










Ռուդոլֆ Արղության. Զաքարյան Երկայնաբազուկներ: Երևան 2015 թ.:
Տիգրան Հայազն, Հրաչյա պետրոսյանց, 200 Հայ Զորավարներ: Երևան 2011 թ:



2 комментария:

  1. Շատ հետաքրքիր հոդված է: Շատ շնորհակալ եմ:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ ենք գնահատանքի համար:

      Удалить

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ