04.08.2014

Թագադիր գործակալություն


ԹԱԳԱԴԻՐ ԵՎ ԱՍՊԵՏ

ԹԱԳԱԴՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ



«Եւ գտեալ զթագն ՝ դնէ ի գլուխն Արտաշիսի եւ թագաւորեցուցանէ ի վերայ ամենայն 
երկրիս Հայոց»

Արշակունյաց Հայաստանում Բագրատունի տոհմի ավագին էր պատկանում Թագադիրի  գործակալությունը: Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունի Շամբատ (Սմբատ) զորավարին Հայոց Վաղարշակ (Տրդատ Ա, 66-88 թթ.) թագավորը ինքն է շնորհել Արշակունիներին թագադիր լինելու իշխանությունը. «...նախ եւ առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի եւ իմաստնոյ՝... Շամբատայ Բագրատ. տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց. եւ որ ի նմանէ ծնեալ ազգ՝ լինել  

կոչմամբ յանուն նորա Բագրատունի, որ է այժմ մեծ նախարարութիւն ի մէջ աշխարհիս:»  Արքայի թագադրության արարողության ժամանակ Բագրատունի տոհմի ներկայացուցիչը դնում էր թագը արքայի գլխին, լրացնում արքայական հանդերձանքի տարրերը ու կապում զենքերը: Պատմահայր Մովսես Խորենացին  ոմն Երվանդի, որ Արշակունյաց ցեղից մի կնոջ որդի էր, կառավարման մասին գրում է.


«Եւ ի մեռանելն Սանատրկոյ՝ միաբանեալ թագաւորեցուցին զնա, առանց արանց յազգէն Բագրատունեաց լինել թագադիր», այսինքն առանց Բագրատունիների ցեղի թագադիրի : Անկասկած Խորենացին այս նախադասությունը նշում է, ցույց տալու համար, որ Երվանդը օրինավոր թագավոր չէր, քանի որ, չնայած այն բանին, որ Երվանդը թագավոր էր դարձել հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, այնուամենայնիվ նա չէր թագադրվել Բագրատունի նախարաի կողմից: Փաստորեն, Բագրատունի իշխանից թագադրվելը պարզապես ձևական արարողություն չէր, այլ իրավաբանական կարևոր մի ակտ, որով ցույց էր տրվում ու հաստատվում էր թագը կրողի օրինավորությունը ու իրավունքը` կրելու այդ թագը:  Երվանդին չթագադրելու հիմնական պատճառներն այն էին, որ Երվանդը Արշակունի չէր և որ կար օրինավոր ժառանգ` Արտաշեսը, որին և Սմբատ Բագրատունի իշխանը թագադրում է.

«Եւ զկոչեցեալն Բագարատ,  շնորհակալութիւն նմա վասն յառաջագոյն անձնատուր ձեռնտուութեանն առ թագաւորն եւ միամտութեանն եւ քաջութեանն, զյառաջասացեալ տանուտիրական պատիւն ազգին պարգեւելով. եւ իշխել նմա թագ ի գլուխ դնել թագաւորին, եւ կոչել թագադիր, այլ եւ ասպետ.»:
Թագադիր իշխանը նաև հետևել է Արքունի կարգ ու կանոնին, որը սահմանված է Գահնամակով, պալատական արարողությունների կազմակերպմանը, ինչպես նաև նախարարների  «բարձ ու պատվին», այսինքն թե որ նախարարը որ «բարձին» պիտի նստի:
Բագրատունի տոհմի ներկայացուցիչները Թագադրության գործակալությունը վարել են մինչև Արշակունյաց դինաստիայի անկումը` մինչև  Ե դարը: 

Թագադիրի գործակալությունը Կիլիկյան Հայաստանում




Ըստ Հ. Ղևոնդ Ալիշանի, Կիլիկիո Հայոց թագավորությունում թագադրության գործակալությունը ստեղծվել է Կոստանդին Թագավորահոր կողմից Հեթում Ա-ի թագադրման արարողությունը կատարելու համար: Թագադիրի պարտականությունն էր թագադրության արարողության ժամանակ թագավորի գլխին թագ դնելը, ինչպես նաև թագավորի պատիվը կապելը: Նաև, որպես թագադրության ժամանակ արարողապետ, նրա պարտավորությունն էր հետևել ծեսի ու արարողության ճիշտ կատարմանը: Թագադիր գործակալը նաև պահում էր թագավորի թագը. «...եւ Թագադիրն յաջ դին Թագաւորին, ունելով զմիւս թագն ի ձեռին»: Թագադրության արարողությունից հետո` սեղան նստելիս, Թագադիրն էր միայն վերցնում թագավորական թագը. «Նա (թագավորը) վստահանայ...Թագադիրն զմիւս թագն...»:
Թագադիրը հիշվում է  նաև  թագավորի տոնական զգեստը փոխելու նկարագրության ժամանակ. «Եւ յորժամ կամի Թագաւորն փոխել զթագաւորական զգեստն` գայ Գունդստապլն, և Թագադիրն Սենեսկալն, մեծարեն զթագաւորն, և երթան առաջի նորա մինչև ի Ջամբոն, և Ջամբռլայն կենաց ի ջամբոն. եւ ուննայ զզգեստն. մտանեն եև այս չորս աստիճանաւորքս, եւ փոխեն զզգեստ թագաւորին եւ զթագն»:




Գրականություն` 
Անդրանիկ սրկ. Տոնոյան «Կիլիկիայի Հայկական պետության պետական կարգը»

Մարիամ Գրիգորյան «Բագրատունիների ծագման հարցի շուրջ»

Կիլիկիո Հայոց թագավորության բերդերը


Սիս

Սիս մայրաքաղաքը գտնվում է Լեռնային Կիլիկիայում` Տավրոսի լեռների ստորոտում:
Սիսը հույներից գրավել է Թորոս Ա Ռուբինյան իշխանը: 1173 թ.-ին նրա եղբայր Մլեհը քաղաքը դարձնում է Հայոց իշխանապետության մայրաքաղաք,  կառուցապատման աշխատանքներ` քաղաքին վայել տեսք տալու համար, սկսվում են ապարանքի կառուցման աշխատանքները : Մլեհի դավադիր սպանությունից հետո նրա եղբորորդի Ռուբենը շարունակում է հորեղբոր գործը և Սսին ավելի վայելուչ տեսք է տրվում:  Սակայն քաղաքի բնակչության աճի հետ մեկտեղ հարկավոր էր նաև ընդլայնել քաղաքը, հոգալ դրա ապահովության մասին: Քաղաքի վրա լայնածավալ աշխատանքներ են տարվում հատկապես Լևոն Ա և Հեթում Ա թագավորների օրոք:
Քաղաքի միջնաբերդը կառուցված է իշխող դիրք գրավող ժայռի վրա: Այն  շրջապատված է  3 կմ երկարությամբ պարիսպներով և 44 աշտարակներով: Բերդի ստորոտին կառուցված էր Կաթողիկոսարանը: Քաղաքի միջնաբերդում վեր էր խոյանում թագավորական ապարանքը,
որին քաղաքացիք Դարպաս էին անվանում: Նրա մոտ Սուրբ Աստվածածին և Սուրբ Սոփիա հրաշագեղ տաճարներն էին: Վերջինս կառուցել էրՀեթում Ա թագավորը: Այնքան հրաշագեղ ու հզոր էր Սսի բերդը, որ Հայոց Կոստանդին Բ թագավորի դրամների դարձերեսին գրված էր.«ՍՍՈՅ ԲԵՐԴՆ Է ԹԱԳԱՒՈՐ»:

Լամբրոն

Լամբրոն բնակավայրը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, սակայն նրա հայկական պատմությունը սկսվում է XI դարից, երբ Օշին գանձակեցի իշխանը նորոգում է բերդը ու այն դարձնում իր իշխանանիստը ու այդ ժամանակներից սկսած համարվում էր Օշինյանների բույնը: Բերդը կառուցվել է լերկ ժայռի վրա: Մինչև XIXդ. կեսը Լամբրոնի բերդի դռան վրա պահպանվել է Կիլիկիայի հայկական թագավորության զինանշանը` զույգ առյուծներով, խաչով և հայերեն արձանագրության հատվածծներով:
Պարսիպներն ուժեղացված են ուղղանկյուն և կիսաշրջանաձև աշտարակներով: Մոտեցումը հնարավոր է միայն արևմուտքից: Ունեցել է 5 դարպաս: Ներսում կար պալատական սրահ: Բերդի ներսը  պարիսպներով բաժանված է առանձին մասերի` պաշտպանունակությունը ուժեղացնելու նպատակով: Լամբրոնի մատույցներոմ փոքր ամրոցների համակարգ է, որն առաջինն էր դիմակայում թշնամուն : Լամբրոնում է ծնվել հայ եկեղեցական ու պետական խոշորագույն գործիչներից  Ներսես Լամբրոնացին: Սմբատ Սպարապետը, Լևոն Ա թագավորի թագադրությանը հրավիրված իշխանների շարքում նշում է` Իշխանն Լամբրունին Հեթում։

Պապեռոն
Պապեռոնը գտնվում է տավրոսի ստորոտին: Կառուցվել է բարձր լեռան գագաթին և շրջապատված ր ամրակուռ պարիսպենորվ:  XIդ. կեսից Պապեռոնը մտել է Աբիլղարիբ Արծրունու տիրույթների մեջ: 1070-ական թթ. անցել է Հեթումյաններին: Պապեռոնում է հաստատվել  Օշինյանների մի ճյուղը: Պապեռոնի տետերից հիշատակվում է Բակուրան իշխանը, որի քույր Ռիթան Հայոց իշխանապետեր Թորոսի և Մլեհի երրորդ եղբայր Ստեփանեի և Ռուբեն Բ իշխանի և Լևոն Ա թագավորի մայրն էր: Պապեռոնի տերերի շարքում հիվում է նաև Վասակ իշխանը, որը Կոստանդին թագավորահոր հայրն էր և Հեթում Ա-ի ու Սմբատ Սպարաետի պապը:

Լևոնկլա

Թերևս Հայոց բերդաշինության ամենափառավոր կոթողներից մեկն է Լևոնկլա կոչվող այս բերդը: Կառուցված բարձր ժայռի վրա` նրա հետ ձուլվող աշտարակներով ու պարիսպենորվ, Լևոնկլան իրավամբ կարելի է հայոց բերդերի մեջ երկրորդ թագավոր կոչել` Սսո բերդից հետո: Բացի սրանից բերդը առանձնանում է նրանով, որ նրա մուտքին պահպանվել է Հայոց թագավորի բարձրաքանդակը` 2 թագավորական առյուծներով, որը թվագրվում է XIV դարով կամ XIII դարի վերջով: Թագավորը պատկերված է ծալպատիկ նստած` արևելյան ձևով: Նա ձեռքերում պահում է թագավորական իշխանության խորհրդանիշերը: Նրա կողքի առյուծները հառնող են: 

Կոռիկոս

Կոռիկոսի բերդի հիմքերը դրվել են դեռևս հելլենիստական ժամանակներում:
Կիլիկիո Հայոց իշխանության մաս է կազմել Թորոս Բի գահակալման տարիներին: Եղել է Հայոց իշխանության և ապա թագավորության խոշորագույն նավահանգիստներից մեկը:
1190-ականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։ 1206-ին Լևոն Ա-ն հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210-ից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը։ Կոռիկոսի տերերի շարքում հիշատակվում է նաև Օշինը` Հեթում Ա թագավորի եղբայրը: Նրա որդին էր Հեթում պատմիչը, որի որդին` Օշինը հետագայում դարձավ Պայլ, և որի դուստրն էր Մարիուն թագուհին:
Կոռիկոսի ուղղանկյուն աշտարակին պահպանվել է Հեթում Ա թագավորի արձանագրությունը:




ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ