26.12.2014

Թագ. միապետական իշխանության խորհրդանիշ


ԹԱԳ


Թագ բառը ունի հավանաբար արամեական ծագում, որից առաջացել է սանսկրիտերեն stag բառը, որ նշանակում է ծածկել, սքողել (իմա' գլուխը): Լատիներեն corona նույնպես թարգմանվում է որպես պսակ:  Այս երկու պարագայում էլ թագ բառի տակ հասկանում ենք գլխին դրվող խույր, ծածկոց:
Թագը գլխազարդ է, որ համարվում է միապետական իշխանության գլխավոր խորհրդանիշերից մեկը:
Հայոց պատմության առաջին թագակիր (պսակավոր) միապետ հիշվում է Պարույրը, որին Խորենացին հենց կոչում է «առաջին պսակավոր»:
Հետագա հիշատակություններում հանդիպում ենք թագադրության գործակալության ի հայտ գալուն Հայոց Վաղարշակ (Տրդատ Ա)  թագավորի ժամանակներում.
«Արդ՝ նախ եւ առաջին օրինադրէ թագաւորն զինքն եւ զտուն իւր, սկիզբն առնելով ի գլխոյ իւրմէ եւ ի թագէ: Եւ զկոչեցեալն Բագարատ, որ ի Հրէիցն, շնորհակալութիւն նմա վասն յառաջագոյն անձնատուր ձեռնտուութեանն առ թագաւորն եւ միամտութեանն եւ քաջութեանն, զյառաջասացեալ տանուտիրական պատիւն ազգին պարգեւելով. եւ իշխել նմա թագ ի գլուխ դնել թագաւորին, եւ կոչել թագադիր...»: Այստեղ «կարգավորում է ինքն իրեն..սկսելով իր գլխից ու թագից» հատվածից  կարելի է պատկերացնել թագի կարևորությունը միապետական իշխանության և գահակալման արարողության մեջ: Սակայն թագադրումը լեգիտիմ, օրինական էր միայն այն դեպքում, երբ դա կատարվում էր թագադիրի կամ հոգևոր առաջնորդի կողմից: Այստեղից է գալիս թագ դնել կամ թագ կապել արտահայտությունը, որ արտահայտում էր նաև թագադրվողի իրավունքը` կրելու այդ թագը և գործակալության անվանումը` թագադիր կամ թագակապ:
Միջպետական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի զարգացման հետ մեկտեղ առաջ եկավ հարևան կամ դաշնակից պետության միապետի ճանաչման մշակույթը, որի գլխավոր ատրիբուտը դարձավ արքայական իշխանության խորհրդանիշեր` թագ, գավազան  և թագավորական զգեստ առաքելու գործողությունը:
Բագրատունի առաջին թագավոր Աշոտի` թագ ստանալու վերաբերյալ հիշվում է «...և ապա յաղագս առաւել լաւութեան թագաւորական պսակաւն ճոխաբար թագաւորեալ թագ կապեալ յերկոցունց թագաւորացն յԻսմայէլացւոց և Յունականէն յամս Ե (Սամուել Անեցի «Ժամանակագրություն»)»:


Հովհ. Դրասխանակերտցու «Պատմության» մեջ մենք գտնում ենք նաև հիշատակություն Աշոտ Բ թագավորի` Կ. Պոլիս կատարած ուղևորության մասին, որի ժամանակ կայսեր իշխանավորները վերջինիս հրամանով Աշոտին մատուցում են արքայական պատիվ. «...և զարդարէր զնա ծիրանազգեաց փառօք և երևելի ոսկեհուռն հանդերձիւք և ոսկետտուն վառիւք և կամար ականակապ ընդ մեջ ունէր ոչ միանգամ կամ երկիցս, այլ բազում անգամ նոքա զայս արարեալ... », այսինքն` ոսկեգույն հանդերձանք, մեծարանքի ծիրանագույն զարդեր և ոսկեգույն դրոշ (նշանակ):

Անանունի կողմից հիշվումէ  նաև կայսեր կողմից Սմբատ Ա-ին թագ ուղարկելը. «...և կապեաց նմա թագ արքայն հոռոմոց Ռոմանոսն (Կոստանդին Ծիրանածին*) և սիրէր զնա յոյժ...»:
Շապուհ Բագրատունու պատմության մեջ նույնպես հիշատակվում է Սմբատ Ա-ին կայսեր կողմից թագ ուղարկելը. «...թագաւորն հռովմայեցւոց Լեւոն, որպես սիրէլի որդւոյ առաքէ թագ և ընծայ թագաւորին մերոյ Սմբատայ»:
Հայոց Բագրատունի թագավորները ունեցել են 3 թագ, հայկական, արաբական ու բյուզանդական:  Հայոց թագավորները չալմա (խալիֆի ուղարկած թագը) կրում էին հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Պատկերագրության մեջ Հայոց թագավորներ Սմբատ Բ-ի և Գագիկ Ա-ի բարձրաքանդակները հանդիպում են արաբական չալմայով:

Ռուբենյան առաջին թագավոր Լևոն Ա-ի պարագային նույնպես առաքվեց թագ, այս անգամ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր խոստումով:

Պատմիչ Վարդան Արևելցին նշում է, որ Ֆրիդրիխ կայսեր ու Հայոց կաթողիկոսի նամակագրության ժամանակ կայսրը գրում է. «Ահա ունիմ թագ և զգեստ, զի օծցես թագաւոր Հայոց, զով որ ընտրես»:  Այսպիսով կայսրը առաջարկում էր թագ հայոց իշխանին, որով և իր հովանավորությունը և աջակցությունը: Սակայն կայսրը Իսավրիայով գետանցման ժամանակ խեղդվում է ու թագ ուղարկելը հետաձգվում է մինչև 1197 թվականը: Սմբատ Սպարապետը գրում է. «...ի սոյն ամի (1197 թ.) առաքեաց Լեւոն զարքեպիսկոպոսն Սիսոյ զտէր Յոհաննէս յԱքքա, ի խնդիր թագին զոր թագաւորն Ալամանաց առաքեալ էր նմա, զկնի զօրացն որք եկեալ էին անդ, որ եւ  եկն անտի արծւէսքն որ եկեալ էր հրամանաւ պապուն Հռոմայ։»
Լևոնին թագ ուղարկում է Ֆրիդրիխի հաջորդը ու թագադրման ու օծման արարողությունը տեղի է ունենում 1198 թվականի հունվարի 6-ին: Նրան օծում են Հայոց կաթողիկոսը և պապական պատվիրակ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելսբախը. սա նշան էր Պապի և Սրբ. Հռոմեական կայսրության կայսեր հովանավորության ու ճանաչման, ինչով լուծվում էր նաև միջազգային ճանաչման ու իրավունքի հարցը:: Սակայն բացի «Ալամանների» թագավորից Հայոց իշխանին շտապեց թագ ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը. «Իսկ ի թուին ՈԽԵ [645=1196] առաքեաց թագաւորն Յունաց Լեւոնի թագ պատուական, եւ  խնդրէ ի նմանէ զմիաբանութիւն սիրոյ. եւ նա առ ընկալաւ ուրախութեամբ։»










Հոդվածում տեղ գտած պատկերները ամրագրված են հղինակային իրավունքով և խնդրում են բեռնելուց առաջ ստանալ դրանց կիրառելու թույլտվություն:


ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ