26.02.2017


 ՄԻԱՊԵՏԻ ԹԱԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՔՈԻՄ
 Обряд венчания на царство В Киликийском армянском 
 ГАСУДАРСТВ 



Սույն փոքրիկ նկարագրությամբ կփորձենք վեր հանել այն կարգերը և ավանդույթները, որով գահակալեցնում էին Կիլիկյան Հայոց արքաների հանդիսավոր թագադրման ժամանակ և որոնք երկար դարեր մատնվել են մոռացության, թե հայագետների և թե օտար ուսումնասիրողնների կողմից: Ցավոք սրտի Հայոց մեջ թագադրման մասին եղած վաղ շրջանին վերաբերող տեղեկությունները սակավ են, փոխարենը պահպանվել են Կիլիկյան շրջանին վերաբերող նյութերը, որոնց հիման վրա կփորձենք հասկանալ և նկարագրել այն կարգը, որ կատարվել է Հայոց ինքնակալների վրա: Ամենակարևոր սկզբնաղբյուրը դա «Կանոն Օծման Թագավորին» է, որը Լատինական ծիսամատյանի համեմատությամբ կազմել է Ներսես Լամբրոնացին 1186 թվին և որը ընդարձակ հատվածներով մեջ է բերել իր ձեռագրացուցակի մեջ Ա. Սուրմերյանը, իսկ նկարգրություններով` Ղ. Ալիշանը (Սիսվան, էջ 472-475): Թագավորը, լինելով երկրի Տերը և գլուխը, ամենակենտրոնակն անձն էր պետության մեջ և հետևաբար նրա իշխանության գալը պետք է կատարվեր եկեղեցում և եկեղեցին ինքն էլ շատ մեծ տեղ էր հատկացնում թագավորին: Դա է փաստում Կիլիկյան կանոնագիրքը. «Վասն զի յԱստուծոյ կարգեցաւ թագաւորութիւնն, եւ յԱստուծոյ տեղին է համարած ի յերկրի»:

Թագավորը, լինելով երկրի գլուխ, համարվում է Աստծո օծյալ և իրավունք ունի դատաստան կատարելու և վերահաստատելու իրավունքը և արդարությունը: Եվ որպեսզի թագավորի իշխանությունը լիներ վավերական, հարկ էր նրան օծել և ապա թագադրել սահմանված կարգով: Կանոնը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խոշոր մասերի՝ Երդում, Օծում և Գահակալում: Կանոնի խրատը սկսվում է բացատրական նկարագրությամբ: Երբ ժառանգավորները(իշխանները) և ժողովը ընտրում է այն անձին, ում կամենում է տեսնել թագավորը՝ բոլորը հավաքվում են արքունիքում, իսկ կաթողիկոսը եպիսկոպոսնների հետ մնում է եկեղեցում: Ապա անցնում է արքայական թափորի նկարագրությանը, բոլոր իշխանները դասավորվում են ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների. կարևոր պաշտոններից են արքայական խորհրդանիշեր կրողները(Կիլիկյան շրջանում արդեն փոփոխության էր ենթրակվել Արշակունյաց և Բագարտունյաց արքունական կարգ ու կանոնը՝ Արշակունիների ժամանակ թագակապն էր Բագրատունի տոհմի ներկայցուցիչը, իսկ զգեստավորողը սենեկապետը)՝ թագը, գայիսոնը, գունդը, սուրը, նաև զգեստները, իսկ թիկնապահները (ոստանիկ ասպետները)երկու կողմից փակում են թափորը և ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել և խախտել թափորի կառուցվածքը: Եվ այսպիսի թափորով առջևից խաչ, թագավորության դրոշը և այլ նշանները ուղեկցում են դեպի տաճար: Երբ թափորը մտնում է տարճարի գավիթ, նրանց դիմավորում է եպիսկոպոսը կամ ըստ այլ բնագրերի կաթողիկոսը և ասում է աղոթք.

«ՏԷր ամենակարող ամենայնի, որ զծառայս քո (այս անուն) պատշաճեցուցեր գալ ի պատիվ թագաւորութեան, տուր նմա ըստ կամաց քոց կարգել զժողովուրդս `որ ընդ ձեռամբ իւրով, այսու պատուուս պահպանել և փրկել, զի մի հեռացին ի ճանապարհէն արդարութեան. Շնորհոք Միածնի քո `տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...»: 



Աղոթքի ավարտին աշխարհական թափորին միանում է հոգևորակնների թափորը երկու եպիսկոպոսների, սրբոց մասունքների և թափորի համար անրաժեշտ այլ պարագաների ուղեկցությամբ մտնում են եկեղեցի: Այդ պահին դպիրները եղանկում են երեք երգեր, որոնցից առաջինը ունի Ահավասիկ ես առաքեմ սկսվածքը, որից հետո թագավորը երդվում է օրենսգրքի վրա(Սսի մաշտոցում պահպանվել է մի տեքստ, որի խորագիրը վկայում է , որ այն Լևոն Ա-ի երդման տեքստն է) ապա հաջորդ մի քանի մասերը խիստ ազդված են լատինական ծեսից, որից հետո գալիս է առաքելական եկեղեցու հնագույն սովորույթներից մեկը, որն է` ընծայալին  խորանից դեմքով դեպի ժողովուրդը դարձնել: Երկու եպիսկոպոս թագավորին բարձրացնում են խորան և դարձնում դեպի ժողովորդը, որ վկայեն ընծայացուի արժանավորության մասին.

«Աստուածային եւ երկնաւոր շնորհն հեղեալ աստանօր առ (այս անուն) կոչէ յաթոռ թագաւորութեան տանս Թորգոմայ և զարմիս Հայկայ. օծանիլ ըստ նմանութեան Տրդատայ, Կոստանդյանոսի եւ Թեոդոսի. ըստ ընտրութեան Սրբոյ Եկեղեցւոյ և ամենայն ժողովրդեանն. Արժանի է»:

 Երեք անգամ կրկնում են և ժողովուրդը պատասխանում է Արժանի է:
Այսպիսով ավարտվում է առաջին մասը և սկավում է ամենակրևորը՝ օծման արարողությունը, որով թագավորը ընդունում է Սբ Երրորդության երրորդ անձից` Սուրբ Հուգուց՝ կառավարման աստվածային շնորհը: Եպիսկոպոսը կամ Կաթողիկոսը վերցնում է մյուռոնը և օծում գլուխը, կուրծքը, թիկունքը և երկու ձեռքերը ասելով. «Օծանեմ զձեռս քո սուրբ իւղովս, յանուն Հոր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգւոյն...», օծման արարղության ավարտին սարկավագները արքային ուղեկցում են ավանդատուն(որոշ լատինական և ուղափառ ծիսակարգերում օծումը կատարվում է քողարկված): Ապա սկսվում է զգեստների և իշխանության խորհրդանիշերի տվչությունը: Առաջինը տրվում է թուրը, ապա պարանոցին կախվում է մանյակ կամ գարդմանակ, մատին դրվում է մատանի և ուսերին գցվում թիկնոց, ապա աջ ձեռքին տալիս է գունդը կամ խնձորը, իսկ ձախ ձեռքին` գավազանը, համպատասխան աղոթքներով: 
Ապա կաթողիկոսը վերցնում է թագը և թագադրում միապետին ասելով. «Առ թագ եւ պսակ ի գլուխ քո...»: Կարգը ավարտվում է գահակալմամբ. եպիսկոպոսները թագավորին օգնելով իջեցնում են խորանից և բերում եկեղեցու կենտրոն, որտեղ պատվանդանի վար դրված է լինում գահը և հատուկ աղոթքով նստեցնում գահին: Ավարտին երգվում է մի շարկան որը ըստ ավանադության Սբ Գրիգորը Լուսավորիչը ձոնել է Տրդատ արքայի համար: 



Յետ այսր համբուրեն զթագաւորն եպիսկոպոսքն և ամենայն ժողով  իշխանացն. և ամենեքեան զուարճանան, և հարկանեն զանգակսն ամենայն քաղաքին և երգեն զերգս զոր ասացեալ ասեն մեծին Սուրբ Լուսավորչին մերոյ  Գրիգորի, ի բարի և ի  սուրբ արքայն Տրդատ.

Ի վերին` ի յօգնականութենէ, ի վերին ի յօգնականութենէ` ծագեցաւ քեզ հանդես բարեպաշտութեան:
Որ  առատապարգև բնաւորաբար զքաղաքավարութեան  ունիս իշխանութիւն, առ  ի հանդիմանել  զվատթարացեալսն, և ի փառաւորել զլավագույնսն:
Ըստ Եզեկիային քեզ տիւն դարձեալ`ի վերջս `տացի նշան, ըստ Եզեկիային քեզ տիւն դարձեալ`ի վերջս` տացի նշան, երկարելով զժամանակս:
Եվ ըստ քաջին Յեսուայ`արեգակն ի քեզ առկայասցի, մինչև ի վախճեան պահանջեցեալ զվրեժս ի Հագարայ և ի Քանանացւոյն. և զանվախճան  խաղախութիւն աշխարհիս Հայոց ընձեռեսցես:
Քանզի անհիշաչար հեզութեամբ, եւ մեծաւ զղջմամբ` ըստ արքային Դաւթի, աստուածածանօթութեան շնորհն ի քեզ դարձցի. եւ ի սակս յայսմիկ` հատանող տապարն ի բաց դիցի. եւ տնկագործականին մաղթանք ժամանեսցեն ի կենդանական թզենիդ. 
Պտղալից արդարութեամբ  խաղախասցի կենցաղավարութիւնդ քո, հանդերձ զաւակօք եւ համբաւով բարեաց:




  • Արաուազդ արքեպս. Սուրմերեան «Ցուցակ Հայերեն ձեռագրաց», Բ հատոր, Հալեպ 1936 թ., էջ 25-30
  • Նորայր արքեպս. Պողարյան «Ծիսագիտութիւն», Նիւ Եորք 1990, էջ 97
  • Ալիշան Ղևոնդ, «Սիսուան», Վենտիկ 1893 թ. էջ 472-475
  • Ալիշան Ղևոնդ «Լևոն Մեծագործ»


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ