29.04.2017


ՆԻՇԱԳԵՏ-ՀԵՐՈԼԴ



 Հերալդիկայի առաջացման և զարգացման հետ առաջ եկավ այն համակարգելու անհրաժեշտություն, ու հետևաբար այդ պահանջը պիտի առաջ բերեր այդ ոլորտը կարգավորող պաշտոնյայի պահանջ, որը դարձավ հերոլդը: 
Հերոլդ անվանումն առաջացել է լատիներեն heraldus բառից, որ թարգմանվում է հայտարարող, մունետիկ, պատգամաբեր: Սկզբնական շրջանում հերոլդների հիմնական գործառույթը կայանում էր ասպետական մրցարշավեր կազմակերպելու, դատելու, որպես դեսպան կամ բանագնաց այլ պետություններում իր թագավորին ներկայացնելու մեջ: Հերոլդները նաև սկսեցին կարգավորել գերբերի մասին գիտությունը, որը և հետագայում առաջ բերեց հերալդիկան: Ըստ աստիճանակարգի հերալդիկայի հետ կապված գործառույթները իրականացվում են հերոլդի  օգնականի (poursuivants d'armes),  հերոլդի և հերոլդմեյստերի (հերոլդ-վարպետ)  միջոցով:


Հերալդիկայի ֆրանսերեն «blason»  անվանումը ծագում է գերմաներեն «blasen»` փող հնչեցնել բառից: Հետագայում դրանից է առաջացել նաև ֆր. «blasonner», կամ անգլերեն  «blazon» բառը, որ նշանակում է զինանշանը ներկայացնել հերալդիկ լեզվով, բլազոնացնել: Հերալդիկ լեզուն հերոլդների կողմից ստեղծված հատուկ լեզվային համակարգ է, որով նկարագրվում  են զինանշանները: Դա հինֆրանսերենը և միջին լատիներենն են: Քանի որ  ասպետությունը, դրա հետ կապված բազմաթիվ երևույթներ, ու հենց հերալդիկան առաջացել են  Ֆրանսիայում, այդ պատճառով լեզվական ավանդույթը մինչև հիմա պահպանվում է հերոլդների կողմից:
Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ի ժամանակներից սկսած հերոլդներին թույլատրվում է կրել ասպետական հանդերձ և ազնվականի զինանշանով զգեստ, որի մոտ ծառայում է հերոլդը: Դա հենց նշանն էր այն բանի, որ հերոլդը ներկայացնում է իր իշխանին կամ տիրոջը: XIV-XV դդ.-ից սկսած հերոլդները դառնում են կարևոր պալատական պաշտոնյաներ:Հիշատակություն կա այն մասին, որ 1415 թվականին Ազենկուրի ճակատամարտում Անգլիայի և Ֆրանսիայի հերոլդները միասին հետևում էին ճակատամարտին, և մարտի ավարտին արդեն նրանք համաձայնության եկան, որ հաղթանակը Անգլիացիներինն է: 



Հերոլդի` իր պաշտոնին անցնելու արարողությունը կատարվում էր հատուկ կարգով թագավորի կամ ավատատիրոջ կողմից: Նրանց գլխին լցվում էր գինի կամ ջուր: Հերոլդին տրվում էր նոր անուն, որը կարող էր լինել ինչպես իր տիրոջ անունը, այնպես էլ որևէ բերդի կամ շրջանի անվանում: Նոր ասպետական միաբանություն ստեղծելիս թագավորները կամ իշխանները նշանակում էին այդ միաբանության հերոլդին, որին տրվում է միաբանության անունը. օրինակ Ոսկե Գեղմի միաբանության հերոլդին տրվում էր Toison d'Or անվանումը:





Հայոց իրականության մեջ որոշ չափով հերոլդի դեր են կատարել մունետիկը Մեծ Հայքում և պատգամաբերը Կիլիկյան Հայաստանում: Մունետիկ բառը հայերենում լիովին արտահայտում է օտար լեզուներում հերոլդ բառի ուղիղ թարգմանությունը, որն է «մի բան բարձրաձայն հայտարարող», որ արաբերեն munadi` կանչել, բացականչել բառից է առաջացել: Դարերի ընթացքում հերոլդի պաշտոնը կորցրեց իր հիմնական գործառույթների մեծ մասը, ու այժմ հերոլդի գործը սահմանափակվում է զինանշաններ պատրաստելով և տոհմաբանություն կազմելով: XVIII դարից Եվրոպական որոշ միապետություններում հերոլդներ նշանակվում էին միայն պաշտոնական արարողությունների` թագադրման, հարսանիքի, թաղման ժամանակ:




Հայոց Նիշագիտական Խորհուրդ

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ