12.05.2017



ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ


 ՀԱՏՎԱԾ

Այս Հայկը,  ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով:  Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու:  Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի  լայնության վրա, բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ: Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ, կատաղած, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել: Սրան Հայկը չկամենալով հնազանդվել, Բաբելոնում Արամանյակ որդին ունենալուց հետո, չվեց գնաց Արարադի երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով` թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից: Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով` այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է  ժառանգություն Կադմոսին` Արամանյակի որդուն: Սա  ճշտում է ասված անգիր հին զրույցները...

Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս` Արարադի երկիրը, Կադմոսի տան մոտ: Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով: “Գիտցած եղիր ասում է, ով մեծդ դյուցազների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաներով: Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը` փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես“:

Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան` գեղագանգուր ու խայտակնը շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին, թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց, և ուրիշ մարդկանց, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որն ունի աղի ջուր և մանր ձկներ: Եվ իր զորքերը կանչելով ասում նրանց. “Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած լինի Բելը քաջերի խառն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանենք”:
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ: Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով տեսնում  են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ ինքը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա` իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա և ամբոխի միջև:  Նա կրում էր նշաններ կրող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և լանջերի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված էր երկսայրի սուրը, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ: Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց` կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում, դասավորվեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց: Եվ երկու կողմի հսկաներն միմյանց հասնելով, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով:  Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և ճակատամարտը երկու կողմից էլ անպարտելի մնաց: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով  Տիտանյան արքան զարհուրեց և ետ քաշվելով սկսեց ետ-ետ բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով` իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի  թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով գոռոզացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում:

Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով  փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը: Այսքանը բավական թող լինի այս մասին:
Բայց ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք: Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր: Իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ աջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որն այժմ ասվում է Գերեզմանակ: Բայց Բելի դիակը, ասում է Մար Աբասը, դեղերով զմրսելով` Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների: Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ