Սուրբ Տրդատ Գ Մեծ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԱՐՇԱԿՈՒՆԻ

НЕБЕСНЫЙ ПОКРАВИТЕЛЬ ОРДЕНА СВЯТОЙ ТРДАТ АРШАКУНИ

Ն.Ա.Մ. Սբ Տրդատ Գ Մեծ Արշակունի
Արքա Հայոց Մեծաց
(պատկերը նվիրվում  է Միաբանության հիմնադրման երեք ամյակին)

270-ականներին երիտասարդ արքայազնը կայսերական բանակում հռչակվում է իր քաջագործություններով: Նա առաջին անգամ թագադրվում է Հռոմեական կայսրությունում 274 թ:  Դիոկղետիանոս կայսեր օրոք 287 թվականին Տրդատը նրա աջակցությամբ կարողանում է ազատագրել Մեծ Հայքը և հաստատվել հայոց գահին. Մովսես Խորենացին գրում է. «Եկեալ Տրդատայ յաշխարհս՝ առաքէ զՍմբատ ասպետ, զհայր Բագարատայ՝ ածել զկոյսն Աշխէն, զդուստրն Աշխադարայ, իւր ի կնութիւն. որ ինչ նուազ էր կոյսն արքային հասակի: Եւ հրամայէ գրել զնա արշակունի եւ զգեցուցանել ծիրանիս եւ թագ կապել, զի հարսնասցի արքայի»: (Աշխարհաբար` «Տրդատը մեր երկիրը վերադառնալով` Բագրատի հայր Սմբատ ասպետին ուղարկում է` իրեն կին բերելու Աշխադարի դուստր Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր: Հրամայում է նրան գրել Արշակունի,      ծիրանիներ հագցնել և թագ կապել, որպեսզի թագավորին հարսնանա»:)

Քրիստոնեության ընդունումը
Ըստ ավանդության Տրդատ Մեծը հերթական հաղթական պատերազմից վերադառնալիս գնում է Եկեղյաց գավառի Երեզ ավանում գտնվող Անահտական մեհյանը` մայր դիցուհուն զոհեր մատուցելու ու նույնն էլ պատվիրում է անել արքունի քարտուղար Գրիգորին, որը հրաժարվում է այդ անելուց: Խորենացին հաղորդում է, որ Արտավազդ Մանդակունի իշխանը, իր փեսա Տաճատից իմանում է, որ Գրիգորը պարթևը Անակի որդին է,  ու հայտնում է այս մասին արքային:

Տրդատի հրամանով նրան բանտարկում են Խոր Վիրապում: Այնուհետև, 13 տարի անց, երբ արքան հիվանդանում է, նրա քույր  Խոսրովիդուխտը երազ է տեսնում, ըստ որի արքային միայն Գրիգորը կարող է բուժել: Ու վիրապից դուրս գալուց ու արքային բժշկելուց հետո Տրդատը դարձի է գալիս ու ընդունում Քրիստոնեությունը: Ագաթանգեղոսը գրում է.  «...Ապա թագավորն իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի ու նախնիների ու իր կողմից   Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի...Ապա ինքն իսկ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը` ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղում էր գտնվում... Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի  Տիր աստծու իմաստության ուսման մեհյանը և ամենից առաջ սկսեցին այն քանդել»:


Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայոց արքայական ընտանիքին, իշխաններին, արքունիքին ու բանակին մկրտում է 303 թվականի հունվարի 6-ին` Սբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը` Բագավանի մոտ` Արածանի գետում:






Թագավորության հետագա տարիները

Հռոմեական կայսրութունը թշնամական դիրք է բռնում նոր քրիստոնեացած Հայաստանի նկատմամբ ու ըստ Եվսեբիոս Կեսարացու` Մաքսիմինոս Դայա կայսրը պատերազմ է սկսում Հայաստանի դեմ ու անհաջողության հասնում.  «Բռնակալ Մաքսիմինոս Դայան պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ և նիզակակից էին հռոմեացիներին: Եւ որովհետև նրանք քրիստոնյա էին և ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի և դևերի պաշտամունքին...Արդ` նա հենց ինքն իր բանակի հետ արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց»:
Տրդատ Մեծ արքան հայոց նախարարների անօրենությունների ու թագավորին չհնազանդվելու պատճառով թողնում է արքունիքը ու գնում ճգնելու Մանյա այրք կոչվող վայրում, ուր ճգնել էր Սուրբ Գրիգորը:
Հայ նախարարները տեսնելով, որ երկիրը կանգնել է պառակտության առաջ և որ առանց արքայի թշնամիները կհոշոտեն Հայաստանը, գալիս են արքայի մոտ ու խնդրում ետ վերադառնալ: Սակայն Տրդատը չի համաձայնվում ու նախարարները թունավորում են արքային: Ահա թե ինչ է գրում պատմահայր Խորենացին այդ մասին.
«Սուրբ և մեծ և երկրորդ նահատակի և մեր լուսավորության հոգևոր վերակացուի մասին խոսելիս, - որովհետև Քրիստոս է բոլոր գոյացությունների ճշմարիտ թագավորը, - պետք է հրաշափառ խոսքերով գրել, ինչպես մեր լուսավուրության նախաշաղվին ու նահապետին հավասար ճգնողի և նրա գործակցի մասին: Որովհետև Սուրբ Հոգուն հաճո թվաց ավագության տալ իմ Լուսավորչին` միայն խոստովանողի, կավելացնեմ  նաև առաքելության կոչումով, իսկ նրանից դուրս` նրանք երկուսը իրար հավասար են խոսքերով և գործով: Բայց այստեղ ես նկատում եմ թագավորի առավելությունը, որովհետև Աստծու մասին մտածելու և ճգնողության մեջ նրանք երկուսը հավասար էին, իսկ համոզական կամ ստիպողական խոսքերով նոր հավատին հնազանդեցնելու մեջ` թագավորի շնորհն ավել էր, որովհետև նրա հավատից գործը ետ չէր մնում: Այս է պատճառը, որ ես նրան կոչում եմ նախաշավիղ ճանապարհ և մեր լուսավորության երկրորդ հայր»:
«Սա Քրիստոսին հավատալուց հետո ամեն տեսակ առաքինություններով փայլելով` ավելի և ավելի ջանքեր էր անում խոսքով ու գործով Քրիստոսի հավատի համար, սաստելով և համոզելով մեծամեծ նախարարներին, այլև ռամիկ մարդկանց ամբողջ բազմությունը, իրապես Քրիստոսի հավատացյալ լինելու, որպեսզի նրանց գործերը համապատասխանեն նրանց հավատին: Բայց այստեղ ես շեշտելու եմ մեր ազգի խստասրտությունը, այլև ամբարտավանությունը սկզբից մինչև այժմ, որ նրանք անտարբեր լինելով դեպի բարին, խորթ լինելով ճշմարտության, կամ թե բնությանբ մեծամիտ և կամակոր լինելով, դիմադրում են թագավորի կամքին քրիստոնեական կրոնի վերաբերմամբ, հետևելով իրենց կանանց և հարճերի կամքին: Եվ թագավորը, չկարողանալով այս բանը ներել, գցում է երկրային պսակը, գնում է երկնային պսակի հետևից, շուտով հասնելով այն տեղը, ուր Քրիստոսի ճգնավորը Մանին լեռների քարայրում էր ապրել:

 Այստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտությունը, մանավանդ թե մեր ազգի անօրենությունն ու ամբարշտությունը, մեծամեծ  ողբերի և արտասունքների արժանի նրանց գործը: Որովհետև նրա հետևից մարդ են ուղարկում, կանչում են, որ գա  թագավորությունը շարունակի, խոստանալով նրա կամքով վարվել: Իսկ երբ Սուրբը չի համաձայնում, նրան թունավոր  ըմպելիք են տալիս, ինչպես հնում կատաղած եբրայեցիները մեր Աստծուն տվին լեղի խառնած ըմպելիք: Այսպես անելով  նրանք իրենց վրայից հանգցրին աստվածապաշտության բազմափայլ ճառագայթը:
...Իսկ նրա անձը Աստծով կցնծա, իր փրկությամբ  կուրախանա և իր ամբողջ էությամբ կասի. Տեր, ով է քեզ նման»:
Արք Արամեանք, մինչեւ յե՞րբ էք ծանրասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն եւ զանաստուածութիւն: Ո՞չ ծանեայք, զի սքանչելացոյց Տէր զսուրբն իւր. եւ ոչ Տէր լուիցէ յաղաղակել ձերում առ նա»:
 (Աշխարհաբար` «Արամյան մարդիկ, մինչև երբ պիտի մնաք անզգա, ինչու եք սիրում ունայնությունը և անաստվածությունը: Դուք չիմացաք, որ Տերը սքանչելի դարձրեց իր Սրբին, և նա ձեզ չի լսի, երբ դուք աղաղակելով նրան դիմելու լինեք »:)
«...Զի եթէ ընդ փայտ դալար զայս արարին, ասէ Քրիստոս, իսկ ընդ չորն զի՞նչ լինիցիե» (Աշխարհաբար` «Եթե կանաչող ծառին այսպես արին, ասում է Քրիստոս, ապա չորին ինչ կանեն»):
Սուրբ Տրդատ Մեծ թագավորի աճյունն ամփոփվել է Թորդան գյուղում` Սբ Գրիգորի կողքին:

2013 թվականին, ի պատիվ արքայի, ստեղծվել է Սբ Տրդատ Մեծի անվան ասպետական միաբանությունը:





Պատկերների կիրառումը շահույթ ստանալու նպատակով արգելվում է:

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ