Նիշագիտություն



Նիշագիտություն (Հերալդիկա)-սկզբնավորումը





Նիշագիտությունը պատմական հատուկ կարգ է, որով կազմվում,  բացատրվում են (Բլազոնացվում, ֆր` Blason ` գերբ բառից )  նշանակները կամ զինանշանները:

Հերալդիկայի` որպես գիտության առաջ գալը կապվում է խաչակրաց արշավանքների հետ և նրա առաջացումը որոշ ուսումնասիրողներ համարում են առաջին և երկրորդ խաչակրաց արշավանքների միջև ընկած ժամանակահատվածը, սակայն այսպես թե այնպե Նիշագիտության առաջացումը կապվում է XI դարի հետ: Սկզբնական զինանշանները ստեղծվեցին  ճանաչելու ծանր զրահավորված զինվորներին, որոնք ոտքից գլուխ պատված էին զրահով, իսկ դեմքը ծածկված էր սաղավարտով: Սակայն շուտով դրանք  դարձան տարբերանշաններ ու այն կրողի փառքի ու ուժի խորհրդանիշ:
Սակայն սիմվոլիկայի զարգացման և տարբերանշանների օգտագործման տարածման հետ զուգընթաց կարիք եղավ  համակարգել այդ նշանների ձևը, գույնը, էությունը, նշանակությունը, օգտագործումը, բացատրությունը...

XIII երկրորդ կեսից սկսած սկսեցին ի հայտ գալ գերբերի առաջին մատյանները (ֆր.` armorial, անգլ.` armorial կամ rolls of arms - բառացի` գերբերի մատյան), որոնց մեջ ներկայացվում էր նշանակը, նրա տիրոջ անունը և  նրա բացատրությունը հերալդիկ լեզվով, ինչը նոր էջ բացեց նիշագիտության մեջ, և որը իրավամբ համարվում է եվրոպական հերալդիկայի ոսկեդար:
Դա մոտավորապես համընկնում է Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի (1272-1307) գահակալության տարիներին: Այդ ժամանակներից մեզ են հասել գերբերի մոտ 18 մատյան: XIII-XIV դդ.-ում ստեղծավ գերբերի որոշ մատյաններ պարունակում են միայն վահանի նկարը և այն կրողի անունը,  որոշ մատյաններ` միայն նշանակի նկարագրությունը, փոքր քանակությամբ էլ` այդ երկուսը միասին:



Նիշագիտության պատմության մեջ մեծ դեր ունեն հերոլդները (լատ.`heraldus-հայտարարող բառից ), որոնք որոշ չափով արարողապետի դեր էին կատարում: Նրանց պարտականության մեջ էր մտնում նաև ասպետական մենամարտերի կարգավորումը, դրանք արդարացի դատելը, ինչպես նաև տոհմաբանության, տոհմածառերի և նշանակների կազմումը:
Նիշագիտության մասնագետ և ուսումնասիրող Սամվել Գրիգորյանը «Հայաստանի հառնող առյուծները»  հոդվածում, հիմնվելով Մովսես Խորենացու այն հաղորդման վրա, թե «Եւ զԱրծրունիսդ գիտեմ՝ ոչ Արծրունիս, այլ արծուի ունիս, որք արծուիս առաջի նորա (այսինքն թագավորի) կրէին», մի վարկած է առաջ քաշում, ըստ որի Արծրունիները  Արշակունի թագավորների օրոք այսպես կոչված հերոլդի դեր են կատարել, կրելով Արշակունիների խորհրդանիշ արծիվը:

  Հերալդիկ մշակույթը Մեծ Հայքում





   Մեծ Հայքում հերալդիկ որոշակի մշակույթի գոյության մասին փաստում են բազմաթիվ քանդակները, որոնք պահպանվել են եկեղեցիների ճակատներին, ձեռագիր մատյանները, ինչպես նաև գրավոր հիշատակությունները նշանակների գոյության մասին, ու այն ժամանակ, երբ Եվրոպայում  ստեղծվում էին նշանակների մատյաններ, Հայաստանում այդ մատյանների դեր էին կատարում եկեղեցիները ու այլ շինություններ:
Սկզբնական շրջանում Հայքում խորհրդանշանների դեր են կատարել տոհմական տոտեմները, որոնք աստիճանաբար վեր են ածվել նշանակների (Նշանակ ասելով այս հատվածում կհասկանանք Հայքում գոյություն ունեցող հերալդիկ պատկերագրությամբ կազմված խորհրդանշանը):  Քանդակներից ամենավաղ օրինակները, որոնք ունեն հերալդիկ ոճ և բնույթ, թվագրվում են X դարով: Դրանք 2 առյուծաքանդակներ են, մեկը Կարսի Սբ Առաքելոց եկեղեցու պատին, որը դեմքով դեպի դիտողը կանգնած առյուծ է, առջևի աջ թաթում  գունդ պահած, իսկ մյուսը` Անիի գլխավոր մուտքերից մեկի վրա պատկերված առյուծն է (եվրոպական հերալդիկ պատկերացումներով այն հովազանման առյուծ  է-lion léopardé): Առաջինը համարվում է Բագրատունյաց տոհմի, իսկ երկրորդը` շրջանակի և խաչի հետ` Անի քաղաքի նշանակը:



XII-XIII դարերում, երբ ասպարեզ եկան նոր ազնվական տոհմեր, սկսեց կիրառվել նշանակների կազմման հետևյալ համակարգը. նշանակի հիմնական  տարրը գիշատիչ
թռչունն էր, հիմնականում արծիվ, որը ճանկերի մեջ պահում էր որևէ կենդանի: Այսպիսի կառուցվածք հանդիպում ենք Օրբելյանների (Արծվի ճանկերի մեջ` ավանակ), Պահլավունիների (ճանկերում` եղջերու կամ եղնիկ), Պռոշյանների (ճանկերում` գառ կամ խոյ) նշանակներում: Սակայն նշանակի այս կառուցվածքը կիրառվել է նրանցից դեռևս շատ առաջ` Մամիկոնյանների մոտ:
Այսպիսի նշանակները, բացի տվյալ տոհմը ճանաչելի դարձնելուց, ունեցել են նաև մեկ այլ նշանակություն. դրանց միջոցով մարտի ժամանակ նշանակը կրողները փորձել են սարսափ տարածել թշնամու զորքի վրա:Սակայն շինությունները միակ զինանշանային «մատյանները» չեն հայ իրականության մեջ:

Օրբելյանների տոհմանիշը


Արծրունիների տոհմանիշը

Գլաձորի քառավետարանում, որ գրվել է 1300-1307 թվականների ընթացքում, հանդիպում ենք հստակ հերալդիկ ձևավորում ունեցող պատկերների, որոնք արդեն լիովին կարելի է դասել հերալդիկ եվրոպական մշակույթին: Մանրանկարային այդ մի քանի հատվածները, որտեղ պատկերված lion rampant: Հաշվի առնելով այդպիսի մի քանի պատկերներ, կարող ենք կատարել 2 եզրակացություն (Ավելին այս մասին տես` Ս. Գրիգորյան «Հայաստանի հառնող առյուծները»), նախ, որ հեղինակը (հավանաբար Թորոս Տարոնացին) այցելել է այնպիսի երկրներ, որտեղ կար ձևավորված հերալդիկ համակարգ, կամ հեղինակը այցելել է Կիլիկիո Հայոց թագավորություն: Սակայն այս երկուսը միայն լրացնում են իրար, քանի որ այդ ժամանակ արդեն Կիլիկիո Հայոց թագավորությունում առկա էր եվրոպական հերալդիկ մշակույթը:


Այս կապերի մասին կարող են վկայել նաև Լևոն Ա թագավորի դրամների դարձերեսին պատկերված  հառնող զույգ առյուծների նմանողությամբ Գլաձորի ավետարանում պատկերված և նույն կառուցվածքն ունեցող պատկերը:












ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ